Արցախի Պետական նախարարն ընդունել է փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ապրիլի 22-ին ընդունել է Արցախում փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների: Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը նշել է, որ հանդիպման նպատակն է կառուցողական քննարկման միջոցով վեր հանել ոլորտում առկա խնդիրները՝ կապված ինչպես արտադրանքի արտահանման, այնպես էլ տեղական պահանջարկի բարելավման հետ:

Փայտամշակող ընկերությունների ներկայացուցիչները պետական նախարարին են ներկայացրել ոլորտում առկա խնդիրները և հանդես եկել դրանց լուծման հնարավոր առաջարկություններով: Հանդիպմանը արծարծվել են նաև բնավճարների, հարկային օրենսդրությանը վերաբերող հարցեր:

«Մենք հնարավորինս սեղմ ժամկետում կքննարկենք ձեր կողմից բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները, որից հետո փոխադարձ ընդունելի տարբերակները կներկայացնենք ձեզ: Սակայն, մինչ այդ, հորդորում եմ՝ այսուհետ ևս ձեր աշխատանքներում առաջնորդվեք գործող կարգերի համաձայն», - իր խոսքում նշել է պետական նախարարը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ԱՀ Բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը և պատասխանատու այլ անձիք:

x