Արսեն Թորոսյանը հյուրընկալել է Միացյալ Նահանգների դեսպանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Լին Մ. Թրեյսիին: 

Նախարարը շնորհավորել է վերջինիս նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել Հայաստանում կատարելիք իր աշխատանքում:
Կողմերն աշխատանքային քննարկում են ունեցել և խոսել առողջապահության ոլորտում շարունակական համագործակցության մասին: Քննարկվել են հարցեր Հայաստանում քաղցկեղի ախտորոշման, տուբերկուլոզի դեմ պայքարի և ՄԻԱՎ-ի բուժման, կանխարգելման, մոր և մանկան առողջության վերաբերյալ:

«ՄԻԱՎ-ն ու տուբերկուլոզը Արևելյան Եվրոպայի ամենամեծ մտահոգություններից են: Հայաստանը գտնվելով այդ տարածքում, ունի ՄԻԱՎ-ի կայուն վիճակագրություն: Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների 90%-ը ճիշտ ախտորոշված է և բուժում է ստանում, նրանցից 90%-ն այլևս վարակիչ չէ»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Լին Մ. Թրեյսին հույս է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի մի շարք ուղղություններով, ինչպես նաև շնորհավորանք է հղել Արսեն Թորոսյանին:

«Շնորհավորում եմ միջազգային հանրության այս տարվա Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության «Կառավարության բարեփոխիչ» մրցանակին արժանանալու համար: Ես նաև վերահաստատում եմ Միացյալ Նահանգների կառավարության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդի համար այս կարևորագույն ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին»,- ասել է դեսպանը:

x