Փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար. Գլխավոր դատախազ |aysor.am|

aysor.am: Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործով ընթանալու է օբյեկտիվ քննություն։

«Մի վայրկյան չկասկածեք՝ ընթանալու է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն։ Ի՞նչ ունեցանք մենք, ըստ Էության, գործով հավաքված փաստական տվյալները քրեադատավարական օրենքի պահանջին համապատասխան բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար»,- հայտարարեց գլխավոր դատախազը։

Նրա խոսքով, առաջադրված մեղադրանքից հետո Սանասարյանը ստացավ մեղադրյալի կարգավիճակ։ Դատախազն ասաց, որ Սանասարյանը կարող է պաշտպանվել, ներկայացնել հիմնավորումները։

«Ոչ ոքի մոտ թող կասկած չլինի, որ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ դրանք ստուգվելու են»,- ասաց պաշտոնյան։

Անդրադառնալով Սանասարյանի պաշտպանների միջնորդությանը՝ քրեական գործը ԱԱԾ վարույթից ՀՔԾ վարույթ տեղափոխելու վերաբերյալ, Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ այդ միջնորդությունը նոր են ստացել ու ավելացրեց.

«Այդ միջնորդության մեջ կան տեղեկություններ, որոնք քննությամբ պետք է ստուգվեն, անպայման կստուգվեն»։

Հարցին՝ կա՞ն տեղեկություններ, որ «գործը սարքում են», ինչպես հայտարարում են պաշտպանները, դատախազը պատասխանեց.

«Որ պահին, որ նման ռիսկ կամ տեղեկություն տեսնի գործը հսկող դատախազը, ոչ մի պարագայում նախաքննության այդ մարմինը չի շարունակի այդ վարույթը»։

Նշենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը»:

x