Փաշինյանը շատ ճիշտ արեց, որ ԵԽԽՎ ամբիոնից չբարձրաձայնեց Հայոց ցեղասպանության հարցը. Արամ Սարգսյան |azatutyun.am|

azatutyun.am: «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը դրական է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ քաղաքական գործընթաց սկսել։ Այդ մասին Սարգսյանն այսօր ասաց Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

«Անկարան ժամանակի մեջ պետք է հասկանա, որ հարևանների հետ ավելի ձեռնտու է և ավելի օգտակար է հարևանական հարաբերություններ ունենալ։ Քանի չի հասկանում Անկարան ու մենք էդ անում ենք, մենք աշխարհի համար ավելի հասկանալի ու շահեկան ենք դառնում, քան՝ Անկարան։ Մեր արտաքին քաղաքական վեկտորը պետք է ցույց տա, որ մենք դրական ենք տրամադրված, մենք նախապայմաններ չունենք, այ տեսեք, որ իրենք որոշակի նախապայմաններ են դնում ու տրամադրված չեն։ Էս փուլում սա պետք է լինի մեր արտաքին քաղաքականության գործունեությունը՝ կապված Թուրքիայի հետ», - ասաց Սարգսյանը։

«Ազատության» խնդրանքով անդրադառնալով ընդդիմադիրների այն քննադատություններին, թե Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից չանդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչմանը և հայ-թուրքական հարաբերություններին, Սարգսյանն այսպես արձագանքեց.

- «Նախ ուզում եմ հասկանալ՝ ովքե՞ր են այդ ընդդիմադիրները, որ քննադատում են։ Ես, օրինակ, նայում եմ, որ շատ ճիշտ արեց, որ չբարձրաձայնեց, ու ինձ անձամբ էդ մոտեցումն ավելի տրամաբանական է թվում, բացատրեմ, թե ինչու՝ եվրոպական համայնքը, աշխարհի զարգացած երկրները, ովքեր որոշակի ազդեցություն ունեն և կարողանում են Թուրքիային ասել, որ սևը՝ սև է, սպիտակը՝ սպիտակ, էս երկրները մեր վիճակը, տարածաշրջանի վիճակը գնահատում են այսպես, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո երկու պետությունների մեջ ողբերգական դեպքեր են եղել, բնական, ողբերգական դեպքեր, պատերազմի ժամանակ էդ ողբերգական դեպքերը լինում են, էդ ժողովուրդներն իրար չեն հասկացել՝ նույն տարածաշրջանի վրա ապրող, ու դրանից 104 տարի է անցել, միևնույն է՝ չեն փորձում հասկանալ։

Այսինքն՝ իրենք մեզ նայում են մարդկանց, ովքեր կռվել են ու չեն ուզում իրար հետ ընդհանուր լեզու գտնել, ու իրենք իրենց պարտքն են համարում բացատրել, որ 20-րդ դարի վերջին, 21-րդ դարում մարդիկ այնպիսի գիտական, գիտակցական մակարդակի են հասել փոխհարաբերություններում, որ կարելի է հանգիստ նստել ու էդ ամեն ինչը լուծել»։

x