«Հայերի ցեղասպանությունը պետք է երբեք մոռացության չմատնվի». Կանադայի վարչապետի ուղերձը |24news.am|

24news.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին հանդես է եկել հայտարարությամբ: Վարչապետի ուղերձում ասվում է.

«Միանում ենք Կանադայում գտնվող հայ համայնքին և ողջ աշխարհի հայերին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ցեղասպանություն, որը մարդկության պատմության մութ շրջանն է և պետք է երբեք մոռացության չմատնվի:

Թեպետ դրանից հետո անցել է ավելի քան մեկ դար, սակայն նրանց հիշատակը, որոնք անարդարացիորեն կորցրին իրենց կյանքն ու տառապեցին, հիշեցնում է մեզ, որ մենք երբեք չպետք է ատելությանն ու բռնությանը պատասխանենք անտարբերությամբ:

Այս հանդիսավոր օրը, հարգանքի տուրք մատուցելով հայ ժողովրդի ուժին և ոգուն, մենք նայում ենք առաջ՝ խաղաղության ու փոխադարձ հարգանքի վրա կառուցված ապագային:

Կանադայի կառավարությունը հարգանքի տուրք է մատուցում այս ողբերգության զոհերին և վերահաստատում իր հանձնառությունը՝ ձգտելու դեպի այն աշխարհ, որտեղ ոչ ոք, անկախ հավատքից և էթնիկ պատկանելությունից, չի վախենա ենթարկվել խտրականության կամ հետապնդումների»:

x