Միհրան Պողոսյանը պահվում է Կարելիայում, քննչական մեկուսարանում |azatutyun.am|

azatutyun.am: «Միհրան Պողոսյանը պահվում է Կարելիայի քննչական մեկուսարանններից մեկում»․ տեղեկացրել են Պատիժների իրականացման դաշնային ծառայության Կարելիայի վարչությունից՝ հրաժարվելով մասնավորեցնել, թե որ քաղաքի։

«Մենք Կարելիայում մի քանի քննչական մեկուսարան ունենք: Դրանցից մեկում նա կարող է գտնվել», - ասաց Չենտեմիրովը։

Հարցին, թե արդյոք կասեցվել է արտահանձնման գործընթացը՝ քաղաքական ապաստան հայցելու հիմքով, ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրայանն արձագանքեց․ - «Մենք նման տեղեկատվություն պաշտոնապես չենք ստացել, թե Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանում»:

Ռուսաստանից Պողոսյանին առնչվող հարցերի պատասխաններ ստանալը հեշտ չէ: Ներքին գործերի նախարարությունից այսօր հրաժարվել են հաղորդել Պողոսյանին առնչվող տեղեկություններ՝ հորդորելով հարցումը հասցեագրել ՌԴ Գլխավոր դատախազությանն ու Պատիժների իրականացման դաշնային ծառայությանը:

Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին նույնպես հրաժարվում է մեկնաբանություններից՝ հայտարարելով, թե լիազորված չէ:

Կարելիայի հայ համայնքի ղեկավար Գեղամ Մկրտչյանն ասաց, որ Պողոսյանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին մամուլի հրապարակումներից է տեղեկացել, չի հետաքրքրվել՝ հայցե՞լ է քաղաքական ապաստան, թե՞ ոչ, ի՞նչ էր անում Կարելիայում՝ տո՞ւն ուներ, հյո՞ւր էր գնացել, թաքնվո՞ւմ էր։

Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարել էր, թե նա հայաստանյան իրավապահներին հայտնել է Մոսկվայի իր հասցեն: Մինչդեռ հետախուզվող նախկին բարձրաստիճան պաշտոնյային գտան Կարելիայում:

x