Շտուտգարտում Ցեղասպանության հիշատակի արարողությունը ռումբի ահազանգի պատճառով չի կայացել |civilnet.am|

civilnet.am: Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի հայ համայնքի՝ Շտուտգարտում կազմակերպած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունը ահաբեկչության սպառնալիքի պատճառով չի կայացել։ Եկեղեցին խուզարկել են։

Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ, Արժանապատիվ Տ․ Տիրատուր քհն․ Սարդարյանը պատմեց․ թե ինչպես է դա տեղի ունեցել․

«Միջոցառումն սկսվելուց առաջ ոստիկանը տեղեկացնում է կազմակերպչին, որ հավաստի տվյալի համաձայն, մասնավորապես միջոցառման դեմ ռումբի սպառնալիքի պատճառով, եկեղեցին պետք է տարհանվի։ Տվյալ պահին եկեղեցում գտնվող հյուրերին խնդրվեց եկեղեցին անմիջապես ազատել։ Քանի որ եկեղեցին լայնամասշտաբ շրջափակված էր, շատերը չէին կարողանում հասնել միջոցառման վայր։ Արարողությունը պետք է սկսվեր աղոթքով և կարճ հիշատակի արարողությամբ։ Ողջույնի խոսք պետք է ասեին երկրամասի խորհրդարանի պատգամավոր Վիլի Հալդերը՝ Կանաչների կուսակցությունից, և մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սիլվան Եփինգենը»։

Իսկ թե ով կարող է կանգնած լինել ռումբի կեղծ ահազանգի հետևում, Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվը ենթադրություններ է անում․ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան արտահայտությունները, որ 1915-ին հայերի տեղահանությունը ողջամիտ որոշում էր, թույլ են տալիս հիրավի ենթադրելու, թե ի՛նչ ուժեր են կանգնած դրա հետևում»

Բադեն Վյուրթեմբերգի հայ համայքը հուսով է, որ գերմանական հասարակությունն ու Գերմանիայի կառավարությունը համերաշխություն կհայտնի հայ համայնքին։

Հոգևոր հովիվ Սարդարյանը տեղեկացրեց, որ նախատեսում են մոտ օրերին նորից միջոցառում կազմակերպել և ոգեկոչել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։

Այս միջադեպին անդրադարձել են գերմանական թերթերը։

x