Վայոց ձորի փոխմարզպետը հրապարակել է լուսանկար ԲՀԿ-ական պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպից |news.am|

news.am: Քիչ առաջ Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ տեղի ունեցած միջադեպից։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը հայտնել էր, որ նախօրեին Եղեգնաձորում ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

Ավելի վաղ Եղեգնաձորի ոստիկանության պետ, փոխգնդապետ Արմեն Հարությունյանը հայտնել էր, որ երեկ՝ ապրիլի 27-ին, Եղեգնաձոր քաղաքում Քաղաքացու օրվա միջոցառման ժամանակ տեղում ծառայություն իրականանող ոստիկանության աշխատակիցները կանխել են ծեծկռտուքը և ոստիկանության բաժին են տարել Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանին, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սետրակյանին, սակայն Սերգեյ Բագրատյանին բաժին չեն տարել, քանի որ նա ԱԺ պատգամավոր է։

Երեկ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայք քաղաքի բնակիչ 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել:

x