2018-ի ապրիլ-մայիսի փոփոխությունները պատմական էին և ունեին խաղաղ բնույթ. Արման Թաթոյանը ներկայացրեց ՄԻՊ 2018թ-ի զեկույցը |tert.am|

tert.am։ 2018թ-ի ապրիլ-մայիսի փոփոխությունները պատմական էին և ՄԻՊ 2018թ-ի զեկույցում հստակ ընդգծվում է, որ դրանք ունեին խաղաղ բնույթ․ Արման Թաթոյան

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց «2018 թվականի ընթացքում ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

«2018թ-ի ընթացում համեմատած մյուս տարիների՝ կրկնակիից ավելի աճել են բողոքների թիվը: Զգալիորեն աճել են այցերի թիվը, որոնք կատարվում են տարբեր հաստատություններ: Կրկնակի աճել են ՔՀԿ-ներ և այլ փակ հաստատություններ կատարվող այցերը»,-ասաց Թաթոյանը։

Ըստ Թաթոյանի՝ ՀՀ ՄԻՊ-ն արժանացել է միջազգային բարձր գնահատականների․«Ապրիլ-մայիս ամիսներին կատարված աշխատանքի համար ԵՄ-ի կողմից հատուկ հայտարարություն է տարածվել, որ ՀՀ ՄԻՊ աշխատանքը օրինակ է բոլորի համար: Նաև նշվել է, որ ՄԻՊ աշխատանքը մեծագույն դեր է կատարել խաղաղ իրադարձությունների զարգացման հարցում»:

Արման Թաթոյանը նշեց, որ 2018-ի մարտի 31-ից սկսած ՄԻՊ-ը մշտադիտարկման տակ է պահել Հայաստանում սկիզբ առած շարժումը և հավաքների հենց սկզբից զբաղվել է ձերբակալվող մասնակիցների երաշխավորմամբ։ Թաթոյանն ասաց, որ ձերբակալությունները հաճախ տարերային էին և չհամակարգված և հաճախ հնարավոր չէր կանխորոշել՝ ռեսուրսները ո՞ր ուղղությամբ ուղղել, և իրենք ստիպած էին աշխատել արտակարգ ռեժիմով։

x