Մարտի 1-ի գործով հանրությանը բավարար տեղեկություններ չեն տրամադրվել. Հայաստանի ՄԻՊ |news.am|

news.am: Ինչպես Հայաստանի մարդու իրավունքների մյուս պաշտպանները, այնպես էլ ես քննադատել եմ այն փաստը, որ հանրության բավարար տեղեկություններ չեն տրամադրվել 2008 թվականի մարտի 1-2-ի հանրահավաքները ցրելու գործի եւ այդ օրերին 10 մարդու մահվան հանգամանքների մասին:

Այս մասին ապրիլի 29-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների իրավիճակի մասին», ինչպես նաեւ «2018 թվականին որպես ազգային կանխող մեխանիզմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ընդ որում՝ նրա խոսքով, քննադատություն է հնչել նաեւ կապված այն հանգամանքի հետ, որ այս գործերով բավարար ջանքեր չեն ներդրվել դրանց հետեւողական բացահայտման համար: Թաթոյանը նշեց, որ իրենք հետեւում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքին եւ մյուս գործերին՝ կապված մի շարք պաշտոնյաների կալանավորումների հետ:

x