Կոտայքի մարզում նախատեսվում է կառուցել 5 նոր մանկապարտեզներ |armenpress.am|

armenpress.am։ Կոտայքի մարզում նախատեսված է իրականացնել շուրջ 72 ծրագիր՝ ընդհանուր 4 մլրդ դրամ բյուջեով: Կկառուցվեն նոր մանկապարտեզներ, կկատարվեն նաև հիմնանորոգումներ: Մամուլի սրահում կայացած ասուլիսում այս մասին ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Նախատեսված են իրականացնել շուրջ 72 ծրագրեր, դրանց ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 4 մլրդ դրամ: Մեծամասամբ միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև համայնքներում խնդիր հանդիսացող նախակրթական հաստատությունների և արտադպրոցական մշակութային դաստիարակության կենտրոնների կառուցմանն ու հիմնանորոգումներին: Շուրջ 5 մանկապարտեզներ կառուցվելու են զրոյից, նախատեսվում է ևս 7 մանկապարտեզի հիմնանորոգում, 5 մշակութային տան վերակառուցում և 3 մշակութային կենտրոնի կառուցում»,-ասաց Պետրոսյանը:

Մարզում նախատեսվում են նաև բազմաթիվ բակային տարածքների, մայթերի, ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ու ասֆալտապատման աշխատանքներ, այդ թվում ջրագծերի, կոյուղագծերի, ոռոգման ցանցերի կառուցում: Ծրագրերն ընդգրկելու են բոլոր 67 համայնքները:

Մարզպետը վստահեցրեց, որ բոլոր համայնքների ՏԻՄ բյուջեով արդեն նախատեսված են այդ միջոցները, և համայնքների մասով համաֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չի լինելու: Պետրոսյանի խոսքով՝ իսկ կառավարության համաֆինանսավորման մասը կախված է կառավարության որոշումից, որը նախատեսված է քննարկել մայիսի կեսերին կառավարության հատուկ նիստում:

x