Շրջանառության հարկ վճարող արտահանողների մոտ շահութահարկի երկու տոկոսը լուրջ փոփոխություն չի առաջացնում․ Հակոբ Ավագյան

Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումերի ընթացքում «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը հանդես եկավ ելույթով։ Նա մասնավորապես նշեց․

«Ես կփորձեմ ավելի շատ խոսել ՓՄՁ տեսանկյունից, որովհետև ներկայացնում եմ ՓՄՁ կառույցներից մեկին ու մանավանդ, ի պատիվ տնտեսական հանձնաժողովի, մենք վերջերս ստեղեծել ենք միասնական ՓՄՁ երկխոսության հարթակ, որտեղ հենց այս նախագծի մասով դուրս էինք բերել 7-8 կետանոց առաջարկներ, խնդրել, որ ներառվեն այս նախագծում և դեռևս արձագանք չունենք։

Նախ, խոսեմ նախագծի նպատակից։ Իմ կարծիքով նախագծի նպատակից մի փոքր շեղված է այս նախագիծը, որովհետև անցած տարի, երբ քաղաքական հայտարարություն եղավ, որ կլինեն հարկային օրենսգրքի փոփոխություններ, ի սկզբանե հայտարարվել էր, որ մեծ փոփոխություն չի լինի, այլ կլինեն հրդեհային ռեժիմով լուծում պահանջող խնդիրների լուծում, իսկ հետո ավելի մեծ ժամանակ կունենանք ավելի մեծ փաթեթ ներկայացնելու։ Բայց, ցավոք սրտի, նախագծում տեղ են գտել այնպիսի դրույթներ, մասնավորապես` եկամտային հարկին վերաբերող դրույթը, որը շատ ավելի շատ շերտերի է վերաբերում։

Եթե մենք խոսում ենք արտահանման կողմնորոշված ոլորտներին եկամտային հարկով արտոնություն տալու մասին, բազմիցս արդեն խոսվեց և հարցադրում հնչեցվեց, որ նույն շրջանառության հարկ վճարողներ էլ ունենք, որոնք արտահանմամբ են զբաղված և այնտեղ շահութահարկի այդ երկու տոկոսը լուրջ փոփոխություն չի լինում, իսկ եկամտային հարկը, եթե նայում ենք 2018 թվականի արդյունքներով, թե որ ճյուղերում ենք մենք ունեցել արտահանման աճ, ապա այնտեղ արձանագրում ենք, որ գործ ունենք աշխատավարձների հետ, որոնք գտնվում են մինչև 150 հազար դրամ աշխատավարձի շեմի ներքո և իրենց կյանքում բան չի փոխվում։

Ավելի ասեմ, անցած տարի կառավարության ղեկավարը Գյումրիում ներկա էր գտնվում հերթական տեքստիլի արտադրության բացմանը, որտեղ աշխատավարձը տատանվում էր 35-40 հազար դրամ և, բնականաբար, այդ ոլորտում կա աշխատողների հոսք։ Բնական է՝ 40 հազար դրամ ստացող տիկնոջ կյանքում ոչինչ չի փոխվում։

Ընդհանուր եթե մոտենանք նպատակներին, այո՛, կցանկանայինք, եթե գնում ենք այսպիսի մեծ փոփոխության, ունենալ տնտեսական մեր զարգացման հիմնական ուղղությունները, և խնդրանքս է, որ այս նախագծում հստակ նշվի արտահանման այն ճյուղերը, որոնք իրականում պետք է արդյունք ունենան, գոնե թվարկվի, որ ճյուղերրը, ու մենք հետագայում իմանանք՝ ունեցան, թե ոչ։

Տեղյակ է արդյոք վարչապետը, որ հայտարարվեց, որ մինչև 24 միլիոն սկսնակ գործարարներին ազատելու են բիզնեսի հարկերից, ապա, ի տարբերություն այսօրվա գործող ընտանեկան ձեռնարկատիրության հարկվող ռեժիմում գործող ոլորտների, մի շարք ոլորտներ դուրս են շպրտվել այս ոլորտներից, և նրանք չեն կարող օգտվել այս հարկման արտոնություններից։ Միևնույն ժամանակ կարևոր է, որ հարկման ռեժիմներ ենք կրճատում, բայց մենք ունենք ոլորտներ, մասնավորապես՝ ոսկու շուկան, որտեղ առանձնահատուկ մոտեցում է պետք, և 2014 թվականին եղել է նման մոտեցում, որ իրենց համար սահմանվել էր արտոնագրային հարկի վճարման մեթոդը, որովհետև լուծում չէին գտել։ Այս նախագծով հունվարի մեկից նորից այդ խնդիրները բարձրաձայնվելու են, որոնք բարձրաձայնվում էին 2014 թվականին։

Երբ մենք ասում ենք՝ ոլորտային առանձնահատկություններ ենք անում, ապա մեր երկրի համար արդյոք կարևոր է տաքսի ծառայությունը ազատել հարկումից, իսկ իմ նշած խորհրդատվական ու մարքետինգային ծառայությունները, որոնք շատ դեպքերում այսօր իրականացնում են արտահանում, իրենց հարկերից չազատել։

Ինչ վերաբերում է շահութահարկի և ստվերից դուրս գալու հարցին, բազմիցս նշել եմ, երբ մենք վարժություն ենք կատարում՝ շահութահարկ 18 տոկոս պլյուս 2,5 տոկոս սոցիալական վճար և հինգ տոկոս դիվիդենտ, և այդ համեմատության մեջ ենք նայում, ապա նույն այդ խրախուսումը չի գործում բիզնեսի համար, երբ ինքը համեմատում է 18 տոկոս շահութահարկ տա, և՛ հինգ տոկոս դիվիդենտ և գնա ռիսկի և չգրանցի վարձու աշխատողին, շատ պարզ պատճառով, որովհետև մենք մոռանում ենք սոցիալական վճարի հարցը, և երբ կառավարության կողմից խոստում է հնչում, որ տարեկան մեկ-մեկ տոկոս եկամտային հարկն իջնելու է, ցավոք սրտի, դրան զուգահեռ մեկ-մեկ տոկոսով էլ բարձրանալու է սոցիալական վճարը։

Եկեք արդար լինենք և ասենք, որ սա գործատուի համար հանրագումարային բեռ է և ինքը այդ բեռն է համեմատում՝ արդյոք ճիշտը գրանցելն է, թե չգրանցելը վարձու աշխատողին և գնալը այդ ռիսկին։ Էլ չեմ ասում շատ կարևոր դրույթ, որ մեր երկրում գործող ակտիվ հարկատուների մոտ 60 տոկոսը գործում են շրջանառության հարկի ռեժիմում, որոնց դեպքում այս բանաձևը ընդհանրապես չի աշխատում և նախընտրում են մնալ ստվերում և չգրանցել այդ աշխատողին։ »։

x