«Վալլեքս»-ը կրկին 2 ամսով հետաձգել է աշխատողների պայմանագրերի լուծման պահը

«Վալլեքս» խմբի ընկերությունները որոշել են ընկերության աշխատողների պայմանագրերի լուծման պահը հետաձգել եւս երկու ամսով:
Այս առնչությամբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքի կասեցման հետեւանքով Ալավերդի խոշորացված համայնքում սոցիալ-տնտեսական իրադրության վատթարացումը կանխելուն ուղղված աշխատանքների շրջանակներում մշակվել է հայեցակարգային պլան: Վերջինս ներկայացվել է ՀՀ Կառավարությանը՝ դրա շուրջ հետագայում կառուցողական քննարկումներ ծավալելու եւ միասնական դիրքորոշում ձեւավորելու ակնկալիքով։

Ինչպես հայտնի է, 2018թ. հոկտեմբերից գործարանում ժամանակավորապես դադարեցվել է խտանյութերի վերամշակումն ու անզուտ պղնձի արտադրությունը, որից հետո ընկերությունը նախաձեռնել է աշխատողների թվաքանակի եւ հաստիքների կրճատման գործընթաց՝ բոլոր աշխատողներին օրենքով սահմանված կարգով տալով նշված հիմքով աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումներ:

Մինչ այժմ երկու անգամ չեղարկվել են նախկինում տրված համանման ծանուցումները, եւ ընկերության բոլոր աշխատողներին տրվել են նոր ծանուցումներ՝ նախատեսվող ազատումներն այլ ժամկետում կատարելու մասին։ Համաձայն վերջին (գործող) ծանուցումների աշխատողների թվաքանակի եւ հաստիքների կրճատումները նախատեսվում է իրականացնել 2019 թ. ապրիլի 30-ից:

Հայեցակարգային պլանում դիտարկվում են գործարանում արտադրության վերսկսման հնարավոր տարբերակներ, այդ թվում՝

- Պղնձի արտադրության ժամանակավոր վերագործարկում, որին զուգահեռ պետք է տարվեն աշխատանքներ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով զտված պղնձե արտադրանք թողարկելու, ինչպես նաեւ նոր պղնձաձուլարանի կառուցման ուղղությամբ:

- Աղացագնդերի նոր արտադրության կազմակերպում։ Որպես գործունեության նոր ձեւ, այս ծրագիրը ենթադրում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության եւ այլ իրավական գործընթացներ, որոնք առավել ժամանակատար են։

Դիտարկվում է նաեւ վերոնշյալ երկու տարբերակների համատեղ իրագործման հնարավորությունը: Հայեցակարգային պլանի շուրջ կառավարության եւ շահագրգիռ հանրության հետ քննարկումների համար նախապայմաններ ապահովելու նկատառումներով «Վալլեքս» խմբի ընկերությունները որոշել են ընկերության աշխատողների պայմանագրերի լուծման պահը հետաձգել եւս երկու ամսով եւ աշխատողներին տալ նոր ծանուցումներ՝ համապատասխան աշխատանքային պայմանագրերը 2019 թ. հունիսի 30-ից լուծելու մասին:

Մենք լիահույս ենք, որ ՀՀ Կառավարության եւ շահագրգիռ հանրության հետ կառուցողական քննարկումների արդյունքներով հնարավոր կլինի ընտրել Ալավերդի համայնքի համար լավագույն հեռանկար ապահովող տարբերակը եւ պատրաստ ենք անել հնարավոր առավելագույնը հանրային հավանության արժանացած ծրագիրը կյանքի կոչելու համար»։

x