Հանցագործության դեպքերն աճել են 2266-ով, բայց հանցավորության վատթարացնող արդյունքներ չկան |tert.am|

tert.am։  Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը։

Հիմնական զեկուցող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց հանրապետությունում նախորդ տարվա հանցավորության պատկերը՝ նշելով, որ քանակական առումով հանցագործության թիվն աճել է, սակայն դա մի քանի պատճառ ունի։
Ըստ Դավթյանի՝ 2018թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 22.551 դեպք (2017թ.՝ 20.285), որոնցից 11.344-ը՝ Երևան քաղաքում: Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2266-ով կամ 11.2%-ով:

Ըստ դատախազի՝ առավել վտանգ ունեցող հանցագործությունների թիվը նվազել է, բայց կան ավազակային հանցագործությունների աճ։

«2018թ.-ին արձանագրված հանցագործությունների դեպքերի աճի հիմնական պատճառներից մեկը նախորդ տարիներին կատարված և 2018թ. բացահայտված դեպքերն են, որոնք արտացոլվել են այս տարվա հանցավորության վերաբերյալ վիճակագրական տվյալներում: Այսպես, 2018-ին արձանագրված 22.551 հանցագործության դեպքերից 3755-ը կամ 16.6%-ը կատարվել են նախորդ տարիներին»,-ասաց նա։

Արթուր Դավթյանը նաև նշեց, որ 3-4 անգամ աճել են հատկապես կոռուպցիոն բնույթի հանցատեսակների դեպքերը. 2018թ.-ին կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերն աճել են 298-ով կամ 182.8%-ով:

«Առանձնապես ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աճի ցուցանիշով, ինչը դրական դինամիկա է»,-ասաց Դավթյանը:

Ըստ նրա՝ նշվածի հիմնական պատճառներից մեկն է նաև, որ քաղաքացիների նախաձեռնողականության ակնհայտ աճ կա, ինչն արտահայտվել է հատկապես նախորդ տարիներին կատարված հանցագործությունների մասին վերջիններիս կողմից տրված հաղորդումներով:

x