Հայաստանից սեւ մետաղի ջարդոնի արտահանման համար տուրք կսահմանվի |news.am|

news.am: Հայկական օրենսդրության գործող կարգավորումներով սողանցք է թողնված, որը թույլ է տալիս տեղական «արտադրության» ջարդոնը արտահանել, ինչը վտանգավոր է երկրի տնտեսության համար։

Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ վերամշակող ընկերությունները պնդում են, որ իրենք գնում են բոլոր տեսակի ջարդոնները եւ կարող են ապահովել, որ դրանք վերամշակվեն ու ստանան նորմալ արտադրանք։
Նշենք, որ կառավարության նիստում քննարկվում է ջարդոնի արտահանման վրա նույնպես տուրք սահմանելու հարցը։

Տիգրան Խաչատրյանի խոսքով, եթե հետագայում խնդիր ձեւակերպվի, որ ջարդոնի որոշ տեսակներ չեն սպառվում Հայաստանում, ապա արտահանող ընկերություններին գումարի փոխհատուցման միջոցով թույլ կտրվի արտահանել դա, բայց այս պահին այդ խնդիրը դեռ չկա։

Նախարարը նշեց, որ ՀՀ կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով սև և գունավոր մետաղների ջարդոնը և թափոնը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր կողմից ավելացրեց, որ այս պահին համաձայնություն ունեն մետաղի վերամշակողների հետ, որ նրանք կհավաքեն նաեւ Հայաստանի տարբեր վայրերում աղբի նման կուտակված մեքենայի թափքերը եւ այլ մետաղի ջարդոնը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վերմիշյանն էլ նկատեց, որ ժամանակին մետաղի ջարդոնի զանգվածային արտահանումը կոտրեց Հայաստանի արդյունաբերության ողջնաշարը:

x