Կանխել երեխաների մուտքը մանկատներ. Զարուհի Բաթոյանը մանրամասներ է ներկայացնում նոր ծրագրերի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am։ Կանխարգելել առողջական խնդիրներ ունեցող երեխաների մուտքը մանկատներ, բարելավել որդեգրման կարգը, ուժեղացնել խնամատար ընտանիքների ինստիտուտները. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը  ներկայացրել է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված ծրագրերը:

-Տիկին Բաթոյան, օրերս ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարությունների և «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության միջև: Ի՞նչը հիմք հանդիսացավ նման նախաձեռնության ու ինչի՞ն է այն ուղղված:

 

-Նախաձեռնության նպատակը առողջական խնդիրներ ունեցող երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելն է: Քանի որ մեր քաղաքականությունն ուղղված է հատուկ հաստատությունների ապաինստիտուցիոնալացմանը, այսինքն՝ հաստատություններից երեխաներին դուրս բերելուն, հետևաբար մենք չենք կարող ուշադրություն չդարձնել կանխարգելման ծրագրերին: Երբ երեխան հայտնվում է մանկատանը, շատ ավելի դժվար է լինում վերադարձնել ընտանիք: Հետևաբար` կարևոր ենք համարում հենց սկզբից ընտանիքին աջակցություն ցուցաբերելը:

-Մինչ կանխարգելման ծրագրերին անցնելը, ասացեք խնդրեմ, այդ խնդրի հետ կապված ինչպիսի՞ պատկեր ունենք, ըստ վիճակագրության, տարեկան քանի՞ այդպիսի դեպքի մասին է խոսքը:

-Այսպիսի պատկեր ունենք: 2019 թվականի հունվարի դրությամբ պետական մանկատներում կա 600-ից ավելի երեխա, որից 300-ից ավելին հաշմանդամություն ունեցող է: Սա խոսում է այն մասին, որ երեխաներին ավելի հաճախ են հանձնում մանկատուն առողջական խնդրի պատճառով:

Մյուս կողմից ունենք «Բարի մամա» կազմակերպության փորձը, որն իր գործունեության շնորհիվ 100-ից ավելի երեխայի մուտքը մանկատուն կանխել է: Եվ դա զուտ կամավորական աշխատանքի շնորհիվ՝ առանց որևէ պետական աջակցության, պետական ֆինանսավորման:

Աջակցողները մեր քաղաքացիներն են իրենց կամավորության սկզբունքով: Ահա այդ աջակցության շնորհիվ հնարավոր է եղել մի մեծ խումբ երեխաների պահել ընտանիքում: Սա ցույց է տալիս, որ այսպիսի ծրագիր ունենալու դեպքում, հատկապես պետական աջակցությամբ, մենք կարող ենք լուրջ արդյունքների հասնել:

«Բարի մամա» կազմակերպությունը, ձեր ասած խնդիրների ուղղությամբ, արդեն աշխատում է, նախարարության դերակատարումը ո՞րն է լինելու:

Նախ նախարարությունը պետք է աստիճանաբար մեծացնի իր աջակցությունն ընտանիքներին, ընթացքում ավելացվի այն ծրագրերի թիվը, որոնք ուղղված են կանխարգելմանը: Այդպիսի ծրագիր նախարարությունն իրականացրել է Գյումրիում և Վանաձորում: Հիմա նախատեսում ենք այս ծառայությունները մրցութային կարգով պատվիրակել հասարակական կազմակերպություններին, որպեսզի Հայաստանի մյուս քաղաքներում ևս այդ ծրագիրն իրականացվի:

Մյուս կողմից քանի որ «Բարի մամա» կազմակերպությունն ունի փորձ, մեր կողմից ճանաչվում է որպես գործընկեր և բարձրանում է նրա հանդեպ վստահությունը: Դրանից բացի, նաև ավելի համակարգված պետք է աշխատենք, իրենք ունենալու են «թեժ գիծ», որի միջոցով դիմելու են ընտանիքները:

Մենք նաև համատեղ ծրագիր ենք իրականացնելու բուժաշխատողների սպասարկող անձնակազմի վերապատրաստումների համար, որոնք պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների, հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացման վրա և այլն: Վերապատրաստման ուղեցույցները պետք է մշակենք համատեղ:

Ավելին՝ armenpress.am-ում

x