Ադրբեջանական կողմից առաջարկվող գերիները փոխանակելու «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը Բաքվի կողմից ստեղծված արհեստական օրակարգ է. Արցախի ԱԳՆ

-ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կողմնակից է, որը նպաստում է հակամարտության գոտիներում վստահության հաստատմանը: Նա իր այս հայտարարության մեջ հիշատակել էր նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը։

Հնարավո՞ր եք համարում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումը՝ հաշվի առնելով, որ Արցախում են գտնվում 2 ադրբեջանցի դիվերսանտներ, որոնք մեղադրված են ծանր հանցագործությունների մեջ, և Ադրբեջանում են գտնվում Հայաստանի և Արցախի գերեվարված քաղաքացիներ։

-Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև միջպետական հակամարտության ընթացքում պաշտոնական Ստեփանակերտի համաձայնությամբ եղել են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների և պատանդների փոխադարձ ազատ արձակելու դեպքեր։

Որպես օրինակ կարող ենք նշել, որ 1996 թ. մայիսին ռուսական կողմի նախաձեռնությամբ Արցախը, Հայաստանը և Ադրբեջանն իրականացրեցին ռազմագերիների և պատանդների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Արցախը և Հայաստանը Ադրբեջանին հանձնեցին 71 անձանց, իսկ ադրբեջանական կողմը Հայաստանին՝ 39:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հատկապես ընդգծել, որ Ադրբեջանի կողմից հանձնված հայ պատանդների մեծամասնությունը որևէ առնչություն չունեին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետ:

Նրանց շարքում կային անձինք, որոնք տարանցիկ կերպով էին հայտնվել Ադրբեջանի տարածքում և պատանդ վերցվել: Որպես օրինակ՝ Բաքվի օդանավակայանում Վրաստանի երկու քաղաքացիներ՝ հայկական ծագումով Վիլիկ Օգանեսովին և Արտավազ Միրզոյանին պատանդ վերցնելու դեպքն էր, որը քննվել է կամայական ձերբակալման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի կողմից:

1993 թ. սեպտեմբերի 28-ին ընդունված 31/1993 որոշման մեջ ՄԱԿ-ի աշխատանքային խումբը նշեց, որ նրանց ձերբակալումը զուրկ է որևէ իրավական հիմքից և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի խախտում է:

x