Սամվել Բաբայանը դատի է տվել Արցախի ոստիկանությանն` իրեն հաշվառումից հանելու համար

azatutyun.am: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը դատի է տվել Լեռնային Ղարաբաղի ոստիկանությանն` իրեն հաշվառումից հանելու համար: Նա «Ազատության»-ը տեղեկացրեց, որ առաջիկայում կսկսվի դատավարությունը։

Բաբայանը, ով փետրվարի սկզբին բարձրաձայնել էր 2020-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, 2019-ի փետրվարին է իմացել, որ դեռ տարիներ առաջ՝ 2006 թվականին, իրեն զրկել են Արցախի քաղաքացիությունից: Բաբայանը դիմել էր Արցախի ոստիկանություն՝ խնդրի վերաբերյալ պարզաբանում պահանջելով:

ԼՂ ոստիկանությունն էլ հաղորդագրություն էր տարածել՝ պարզաբանելով, թե «քանի որ 2006-ի սեպտեմբերի 11-ին Սամվել Բաբայանը իր դիմումի համաձայն հանվել է Լեռնային Ղարաբաղի հաշվառումից՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում հաշվառվելու համար, ուստի վերջինս ընդգրկված չէ Արցախի ընտրողների ռեգիստրում, այլ ընդգրկված է Հայաստանի ընտրողների ռեգիստրում: Սամվել Բաբայանը, ցանկության դեպքում կարող է դիմել Արցախի ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայություն՝ Արցախի Հանրապետության որևէ համայնքում հաշվառվելու համար: Հաշվառվելու դեպքում նա վերոհիշյալ օրենսգրքի ուժով կընդգրկվի Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում»:

x