Չգիտեմ՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածուներն ովքեր են լինելու, որ իմ որոշումը կայացնեմ. Ս. Միքայելյանը՝ գործող քաղաքապետին սատարելու մասին |tert.am|

tert.am: Դեռ պարզ չէ, թե թեկնածուներն ովքեր են, ո՞նց կարող եմ որևէ մեկին թեկնածությունը պաշտպանել. ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, թե Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և ինքը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում տարբեր թեկնածուների են պաշտպանում:

Դիտարկմանը, որ արդեն հայտարարվել է, որ հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրելու է ՔՊ տարածքային կառույցի անդամ Գրիգոր Գուլյանի թեկնածությունը, իր հերթին Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն էլ հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը, Սասուն Միքայելյանն ասաց, թե դեռ վերջնական առաջադրումներ չեն եղել, գուցե բացի նրանից, էլի առաջադրվողներ լինեն, և ինքը որևէ բան չի հայտարարել:

Հարցին, թե Կոտայքի մարզպետի հետ այդ հարցով ունի՞ տարաձայնություն, Սասուն Միքայելյանը նշեց, որ նման բան չկա. «Առաջին անգամ եմ լսում»:

x