Մեկ տարում Վայոց Ձորում վերականգնվել է պատճառված վնասից 5 անգամ ավելի

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 2018թ. մայիսի 1-ից մինչև օրս 2019թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզի վարչական տարածքում արձանագրված հանցագործություններով պետությանը և համայնքներին վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ նախապատրաստվել է 28 նյութ, ինչը 2017թ. ողջ տարվա ցուցանիշը գերազանցում է 4 անգամ:

Այդ դեպքերից 19-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 15-ը եղել են կոռուպցիոն բնույթի: 4 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացնող հիմքով` գործուն զղջալու պատճառաբանությամբ, իսկ 5-ով` հանցագործության դեպքի կամ հանցակազմի բացակայության հիմքով:

Պետությանը և համայնքներին վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ քննված քրեական գործերի նախաքննության ընթացքում 18 անձի /որից 13-ը պաշտոնատար/ նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում: Նշված պաշտոնատար անձինք եղել են համայնքների գործող կամ նախկին ղեկավարներ, հանրակրթական դպրոցի տնօրեններ:
2018 թվականի մայիսի 1-ից մինչև 2019 թվականի մայիսի 1-ը պետությանը կամ համայնքներին վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերով 9 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով կամ նույն հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել, իսկ 9 պաշտոնատար անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ընթացքի մեջ է:

Նշված ժամանակահատվածում դատի են տրվել 2 պաշտոնատար անձինք, 2-ն էլ՝ Եղեգնաձորի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարներ:
Մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո նախապատրաստված նյութերով ու հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը և համայնքներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 50.930.744 ՀՀ դրամ գումար, որից 30.974.893 ՀՀ դրամը` որպես պետությանը, իսկ 19.955.851 ՀՀ դրամը` որպես համայնքներին պատճառված վնաս:


Համեմատության համար նշենք, որ ողջ 2017 թվականի ընթացքում արձանագրված հանցագործության դեպքերով պարզված՝ պետությանը և համայնքներին պատճառված վնասը կազմել էր 9.726.959 ՀՀ դրամ (4 անգամ քիչ), որից 3.139.159 ՀՀ դրամը պատճառվել էր պետությանը, իսկ 6.587.800 ՀՀ դրամի չափով վնասը՝ համայնքներին:
Անցած մեկ տարվա ընթացքում պատճառված վերոնշյալ վնասից նյութերի նախապատրաստման կամ նախաքննության ընթացքում հատուցվել է ընդհանուր առմամբ 37.133.193 ՀՀ դրամ գումար, ինչը 5 անգամ ավելի է քան 2017թ. ընթացքում վերականգնված վնասի չափը, որը կազմել է է 6.148.280 ՀՀ դրամ:

2018թ. մայիսի 1-ից 2019թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում դատարանում քննված և ավարատված մեկ քրեական գործով վերականգնվել է նաև պետությանը պատճառված 2.222.399 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, Եղեգիս խոշորացված համայնքին է վերադարձվել նաև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ապօրինի օտարված՝ համայնքին պատկանող 4.6 հա հողատարածք:

x