Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնյաների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց |News.am|

news.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանը, որը պետք է քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը, ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին  հայտնեցին ՀՀ դատական դեպարտամենտից՝ չնշելով ինքնաբացարկի պատճառները։

Գործը արդեն հանձնվել է դատարանի գրասենյակին եւ ըստ ընթացակարգի այն պետք է վերամակագրվի այլ դատավորի։

Դատավոր Վարդան Գրիգորյանը 2008թ. մարտի մեկի դեպքերից հետո հարուցված քրեական գործերով պաշտպան է եղել։ Մեր տեղեկություններով՝ թե՛ նախաքննության, եւ թե՛ դատաքննության ընթացքում նա պաշտպանել է գործով մեղադրյալներ Կառլեն Մանուչարյանին եւ Մհեր Սարգսյանին։

Նշենք, որ Գրիգորյանը փաստաբանությամբ է զբաղվել 2000–2014 թթ.։ Նա դատավոր է նշանակվել 2014 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով։ Գրիգորյանը սկզբում աշխատել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, իսկ 2018 թվականի նոյեմբերի 14-ին՝ նշանակվել Երեւան քաղաքի դատարանի դատավոր։ Մարտի 1–ի գործով անցնող մի քանի անձանց շահեր է ներկայացրել նաեւ Գրիգորյանի կինը՝ Աննա Ջուվանովան, որն այժմ էլ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։

«ՀՀ Դատական օրենսգրքի» համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:

Դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմքերը ներառում է այն դեպքերը, երբ դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում, դատավորի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա գործին մասնակցող անձ եւ այլն։


x