Վրաստանով ռուսական գազի տարանցման թանկացումը չի կարող ազդել ՀՀ առաքվող գազի գնի վրա. «Գազպրոմ Արմենիա»

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազի` Վրաստանի տարածքով տարանցման արժեքի ավելացումը չի կարող ազդեցություն ունենալ ՀՀ առաքվող բնական գազի գնի վրա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա»-ից:
«Գազպրոմ Արմենիայի» կողմից տրամադրված պատասխանում ասվում է. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, հանդիսանալով բնական գազ մատակարարող կազմակերպություն, տեղեկացնում է,

որ ՌԴ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ 02.12.2013թ. կնքված Հայաստանի Հանրապետություն 2014-2019 թվականներին բնական գազի առաքման N02-13-04 կոնտրակտի 30.12.2018թ. կնքված N 69 լրացուցիչ համաձայնագրի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար ՀՀ առաքվող բնական գազի գինը 1000 խմ-ի համար սահմանվել է 165 ԱՄՆ դոլար, ընդ որում՝ նշված ժամանակահատվածում առաքված բնական գազի կալորիականությունից կախված բնական գազի արժեքի վերահաշվարկ չի իրականացվելու»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Նաթիա Տուրնավան ներկայացրել է վրացական տարածքով Հայաստանին գազի մատակարարման տրանզիտի մասին ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ համաձայնագրի մանրամասները՝ նշելով, որ վրացական կողմին հաջողվել է հասնել որոշակի հաջողությունների։ Նա նշել է, որ տրանզիտի արժեքը մեծացել է, իսկ ռուսական գազի գնման արժեքը՝ նվազել։

Ինչ վերաբերում է գներին, Տուրնավան, դրանք չի հստակեցրել։ «Թվեր ասել ես չեմ կարող։ Հենց դա է կոմերցիոն գաղտնիքի էությունը, որպեսզի որոշակի թվեր չնշվեն, սակայն ես ասում եմ դինամիկայի մասին, որը երկու դեպքում էլ մեր օգտին է»,- ընդգծել է նա։

x