Հայաստանի պետական սեկտորում մոտ 3 հազար թափուր աշխատատեղ կա |lragir.am|

lragir.am: Հայաստանում մասնավոր հատվածում 5 և ավելի աշխատակիցներ ունեցող շուրջ 5700 ուսումնասիրված ընկերություններում կա 2525 թափուր աշխատատեղ։ Պետական սեկտորում թափուր աշխատատեղերի թիվը 2989 է: Այս մասին պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նշեց, որ նախարարությունը հիմնականում աշխատանք է տանում անմրցունակ քաղաքացիներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ:

Անդրադառնալով երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը՝ նախարարը կարևորեց այդ երեխաների ընտանիքներին ոչ միայն նյութական, այլև հոգեբանական աջակցությունը: «Մենք չենք խոսում երեխաներին ուղղակի մանկատներից դուրս բերելու և ընտանիքին վերադարձնելու մասին, առանց ընտանիքին աջակցելու»,-հավելեց նա:

Բաթոյանը նշեց նաև, որ քաղաքացիները կարիք ունեն սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման: «Մարդու կարիքը պետք է հասցեական լինի և այն պետք է նախ սոցաշխատողը ճանաչի: Քաղաքացիները կարիք ունեն սոցաշխատողի, որպեսզի իրենց խնդիրների մասին պետությունը, գերատեսչությունը տեղեկանա ինքնուրույն և ոչ թե մարդը գնա դիմի այս կամ այն կառույցին իր մասին իմաց տալու համար»,-ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

x