ՔՊԿ վարչության գործող անդամներ Լենա Նազարյանն ու Գարիկ Սարգսյանը վարչության նոր ընտրություններում չեն առաջադրվել |armtimes.com|

armtimes.com: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում առաջիկայում վարչության ընտրություններ են։ Ներկուսակցական պայքարը բավականին հետաքրքիր է լինելու․ որպես վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել է 65, վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար՝ 33 կուսակցական։

Վարչությունը կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինն է, որը կուսակցության անունից իրականացնում է նրա` որպես իրավաբանական անձի լիազորությունները եւ կուսակցության ընդհանուր ղեկավարումը: Իսկ վերահսկող հանձնաժողովը կուսակցության նյութական ու ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ, կուսակցության մարմինների անհատական որոշումների բողոքարկումները քննարկող եւ լուծող վերահսկիչ մարմին է: Վարահսկող հանձնաժողովը քննարկում եւ ըստ անհրաժեշտության կուսակցության ղեկավար մարմիններին է ներկայացնում կուսակցության կանոնադրության լրամշակման վերաբերյալ կուսակցության անդամների առաջարկությունները: 

Հետաքրքրական է, որ կուսակցության վարչության գործող անդամներ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ու Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այս անգամ չեն առաջադրվել որպես վարչության անդամի թեկնածու։ Սակայն Գարիկ Սարգսյանը դրա փոխարեն իր թեկնածությունն է առաջադրել որպես վերահսկող հանձնաժողովի անդամ։

Լենա Նազարյանի չառաջադրվելու պատճառն անձնական է: Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում՝ իր առաջադրումը շահերի բախման մասին հնարավոր խոսակցությունների առիթ լինի, քանի որ թեկնածության հայտ է ներկայացրել նաև իր ամուսինը՝ Նարեկ Բաբայանը․

«Ամուսինս նույնպես ՔՊ շատ ակտիվ անդամ է եղել 2013 թվականից սկսած և կուսակցության զարգացման վերաբերյալ իր ծրագրերն ունի, որոնք կներկայացնի քարոզչության ընթացքում»,-մասնավորապես ասաց Նազարյանը: Նա ընդգծեց, որ վարչության անդամ չլինելն իրեն չի խանգարի նույնչափ ակտիվ լինել կուսակցության գործունեության վերաբերյալ հարցերում։

Ինչ վերաբերում է Գարիկ Սարգսյանի՝ վարչության անդամի պաշտոնում չառաջադրվելուն՝ վերջինս մեր զրույցում ասաց, որ քանի որ ինքը բնույթով փոփոխությունների կողմնակից է, կարծում է՝ լավ կլինի, որ իրենց մյուս գործընկերն էլ հնարավորություն ունենան առաջադրվելու եւ վարչության աշխատանքներում իրենց մասնակցությունն ունենալու համար․ «Այս անգամ որպես վերահսկող եմ առաջադրվել, այդտեղ նույնպես քիչ գործ չկա անելու կուսակցաշինության համար, եւ պակաս կարեւոր աշխատանքներ չեն կատարվում։ Ճիշտ է՝ ինչ-որ չափով վերահսկող հանձնաժողովի աշխատանքները ստվերում են եղել, այնքան տեսանելի չեն եղել, բայց կուսակցության կայացման գործում կարեւոր դեր ունի նաեւ այդ հանձնաժողովը»,-ասաց Արարատի ՔՊ-ական մարզպետը։

Շարունակությունը՝ այստեղ

x