Չեմ կարող ասել՝ տիկին Բաթոյանը որտեղից է վերցրել. Նելլի Դուրյանը` ընտանեկան բռնության վիճակագրության մասին |news.am|

news.am: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը համաձայն չէ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում անչափահասների բռնության թվի աճ կա, և, որ Հայաստանում ընտանիքներում բռնության ենթարկված անձանց վիճակագրության խնդիր կա: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց Նելլի Դուրյանը:

«Եթե խոսում ենք վիճակագրության մասին, ուրեմն դա լինում է ոստիկանության վիճակագրական վարչությունում, դրան կարող են բոլորը ծանոթանալ, թե տիկին Բաթոյանը որտեղից է վերցրել, չգիտեմ, բայց ձեզ ներկայացնում եմ ՀՀ ոստիկանության պաշտոնական վիճակագրությունը»,- ասաց Դուրյանը, և ներկայացրեց ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ վերջին չորս տարվա վիճակագրությունը.

«2016 թվականի ընթացքում անչափահասների նկատմամբ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվը եղել է 80 դեպք, 2017 թվականի ընթացքում` 71 դեպք, 2018 թվականի ընթացքում՝ 50 դեպք: Եթե համեմատական տանենք 2018-ի և 2019-ի 3 ամիսների միջև, ապա մեզ մոտ 2018 թվականին եղել է 19 դեպք, և 2019-ի ընթացքում՝ 14 դեպք, այսինքն՝ 5 դեպքի նվազում է եղել և տարիների ընթացքում դեպքերի նվազում ունենք»,- ներկայացրեց Դուրյանը:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 6-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ընտանիքում բռնության ենթարկված անձանց վիճակագրության խնդիր կա Հայաստանում, որովհետեւ կենտրոնացված հաշվառման համակարգը դեռ կայացած չէ:

x