«Բաստիլը մեր ուղեղում է՝ ամենայն լրջությամբ». Մհեր Ենոքյանի հարզացրույցը Վարդգես Գասպարիի հետ |hetq.am|

hetq.am: Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Հարգարժան Վարդգես Գասպարի, ջերմ ողջույններս «բանտ» կոչվող զուգահեռ աշխարհից:
Թե՛ հեռուստացույցով, թե՛ տարբեր հրապարակումների միջոցով հետևում եմ Ձեր յուրօրինակ՝ վճռական մենակի պայքարին: Նույնիսկ բանտում եղած ժամանակ Ձեզ չկարողացան «բանտարկել»: Կարծում եմ` մարդ ազատ է այնքան ժամանակ, քանի դեռ նրա միտքն ու հոգին չեն կարողանում ստիպողաբար կամ խաբեությամբ տեղադրել կաղապարների մեջ:

Հաճախ մարդն ինքն իր համար է վանդակներ ստեղծում ու տաքուկ տեղավորվելով` չի ցանկանում այնտեղից դուրս գալ: Դուք դուրսն եք…
Մեր հանդիպումն ավելի շուտ պատկերացնում եմ ֆիզիկական ազատության մեջ. կարծում եմ` զրուցելու շատ բան կունենանք: Իսկ այժմ, որպես բանտային թղթակից, հրավիրում եմ հարցազրույցի: Եթե ստացվի, կզրուցենք նաև տաքսաֆոնով:

-Շատ հետաքրքիր է` կպատմե՞ք Ձեր ինքնատիպ, չկրկնվող ազգանվան, Ձեր արմատների մասին:

- Ծնվել եմ Իրանում, Թեհրանում 1957 թվին… Այն ժամանակներում հաճախ հայկական անունները աղավաղվում էին՝ լեզվական, գրագիտության մակարդակի, նաև ուշադրության պակասի պատճառով… այդպես էլ աղավաղվել է իմ անուն-ազգանունը…

- Կարո՞ղ է արդյոք մեկ մարդը փոխել համակարգը: Հետաքրքիր է` անցած տարվա ապրիլ-մայիսին մեր ողջ ժողովուրդը մերժեց մեկ մարդու, իսկ համակա՞րգը, փոխվե՞ց արդյոք այն:

- Անկեղծ ասած՝ ես շատ պրակտիկ մարդ եմ… միշտ մտածում եմ իմ անելիքի, պարտք ու պարտականության մասին՝ անկախ այլոց մասնակցությունից… ես Հայաստանում անում եմ իմ քայլը՝ միշտ համոզված լինելով, որ այն ապարդյուն չէ, և մեկ առ միլիոն ազդում է իմ երկրի կյանքում:

-Առաջնահերթ ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ դատաիրավական ոլորտում:

- Այս հարցով չեմ զբաղվել, ավելի ճիշտը՝ գաղափար չունեմ… բարեփոխումներ ամենուրեք են հարկավոր, բայց ինչպե՞ս: Իմ շատ մակերեսային ընկալմամբ՝ հնարավոր են վարչարարական կարգավորումներ, կամ դատական համակարգը թողնել ինքնակարգավորվի (մյուս բոլոր ոլորտների նման): Սա շատ արդյունավետ կարող է լինել, եթե հաջողենք այս ուղությամբ: Կհաջողե՞նք, չգիտեմ: Եթե չհաջողենք, դրա համար կմեղադրեմ ինձ՝ իմ չարածի համար, նաև, ներող եղի՛ր, քեզ՝ քո չարածի համար: Իսկ ի՞նչ կարող ես անել դու չորս պատերի մեջ փակված: Կարող ես ուղղորդել ինձ՝ այնտեղից, որտեղից գեներացվել են արդարության մեծագույն մոտիվացիաները՝ նախ ինձ համար, այնուհետ Նիկոլ Փաշինյանի պարագայում: Իմ գնահատմամբ, Փաշինյանի ամենաբյուրեղացած գաղափարները ծնվել և հրապարակվել են կալանավայրում, որոնք կյանքի ուղեցույց են դարձել ինձ համար: Եթե չես կարդացել, ուղարկեմ:

-Վերջերս Ազգային ժողովում մարդու իրավունքների հետ կապված լսումների ժամանակ Դուք ակցիա էիք անում դրսում՝ «Մի խաբեք ձեզ և մեզ» պաստառով: Մարդու իրավունքների վերականգնման հարցում արդյո՞ք չկա տեղաշարժ:

- Շատ ենք ապականել մեզ և մեր երկիրը… անկեղծ ասած՝ ես հոգնել եմ…անզոր ճչալուց… հոգնել եմ…

-Գետնին պառկած Ձեր յուրօրինակ բողոքի ձևը ցույց է տալիս, ինչպես Դուք եք ասում, հասարակության վիճակը… Նոր Հայաստանում նու՞յն վիճակն է, թե՞ հեղափոխությունը դեռ շարունակվում է:

-Չգիտեմ՝ ով է նկարագրել սա. հասարակական ընդվզումների ժամանակ մարդիկ հավելյալ ջանքեր են գործադրում՝ իրավիճակը փոխելու համար… դա նման է բազմության հոսքին, որ շատերը թռչկոտում են ավելի բարձր երևալու, և ավելի բարձր նշաձող սահմանելու համար, սակայն կարճ ժամանակում թռչկոտողներն աստիճանաբար հոգնում են, երևում են իրենց իրական հասակով և համապատասխան իրական նիշայով…
այդպես էլ ապրիլ, մայիսին մեր հանրային նիշան որոշակի բարձրացավ… և աստիճանաբար իջավ կրկին… գուցե համեմատած նախահեղափոխական շրջանի մի 10-20 տոկոսով բարձրացել է մեր հանրային վարկը:

- Ֆրանսիական հայտնի հեղափոխությունը խորհրդանշում է Բաստիլի գրավումը: Մեր թավշյա հեղափոխությունն ի՞նչն է խորհրդանշում, թե՞ «Բաստիլի» գրավումը դեռ առջևում է:

- Բաստիլը մեր ուղեղում է՝ ամենայն լրջությամբ:

Շարունակությունը կարդացեք Hetq.am-ում։

x