Պատգամավորն ահազանգում է շինարարական կազմակերպություններից ստացած բողոքների մասին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում շինարարական մրցույթների պատշաճ անցկացումն ապահովելու հարցի վրա: Պատգամավորն այս մասին խոսեց ԱԺ հայտարարությունների ժամանակ:

«Այս օրերին տարբեր պատգամավորներ բողոքներ են ստանում շինարարական կազմակերպություններից, որ շինարարական մրցույթները չեն կայանում կամ հետաձգվում են, կամ արդեն կայացած մրցույթների հաղթողները չեն հայտարարվում ինչ-ինչ պատճառներով:

Եվ հարց է առաջանում, թե ինչու են քնեցվում գումարները, մանավանդ որ այդ գումարների մեծ մասը վարկային միջոցներ են, և դրանց համար պետությունը տոկոսներ է վճարում: Եվ ոլորտում հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը, որպեսզի հնարավորինս շուտ տարբեր տեսակի մրցույթները հայտարարվեն, արագ արվեն աշխատանքները և շինարարական կազմակերպությունները կարողանան մտնել գործի մեջ՝ հաշվի առնելով, որ շինարարական սեզոնն է գալիս»,-ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավորի բարձրացրած մյուս հարցը վերաբերում է շինթույլտվություններին: Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանում, թե այլ մարմիններում շինթույլտվությունների հարցը բավականին բարդացել է: «Ես հասկանում եմ, որ դա կապված է նախկինում տեղի ունեցող կոռուպցիոն հանցավոր մեխանիզմների հետ, փորձում են կանխարգելել: Բայց այստեղ պետք է բավականին ակտիվ միջամտություն անել և շինարարական ոլորտում ակտիվության հնարավորություն տալ »,-եզրափակեց Հովհաննիսյանը:

x