Բնապահպանական հանրային դատարանը կքննի Սևանա լճին սպառնացող վտանգների մասին գործը

ecolur.org։ Սույն թվականի մայիսի 8-ին` ժամը 12:00-ին, «ԻԲԻՍ» հյուրանոցում (Երևան, Հյուսիսային պողոտա 5/1, 2-րդ հարկ, «Կարին» սրահ) Բնապահպանական հանրային դատարանը կքննի «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճին սպառնացող վտանգների մասին» գործը` ըստ «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյանի դիմումի:

Պատասխանատու պետական մարմինները երկար տարիներ հետևողականորեն խախտել են «Սևանա լճի մասին», «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» և «Շրջակա միջավարի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքների դրույթները, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական և ազգային առաջնահերթություն համարվող Սևանա լիճը ներկայումս կրիտիկական վիճակում է:

Հաճախակի են դարձել լճի ծաղկման և ափամերձ տարածքների ճահճացման երևույթները, էնդեմիկ և ներմուծված ձկնապաշարները խիստ նվազել են, վատթարացել են քաղցրահամ ջրի որակական հատկանիշները, Սևանա լճի և նրա ափամերձ տարածքների` որպես հանգստի և տուրիզմի գոտի օգտագործելու համար ստեղծվել է անբարենպաստ իրավիճակ:

Հանրային դատավարության ընթացքում կքննվի ՀՀ պետական լիազոր մարմինների` ՀՀ նախկին կառավարության, ՀՀ բնապահպանության նախարարության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության տեսչական մարմնի, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի մասնակցությունը և պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար:

Բնապահպանական հանրային դատարանի դատավորներն են` էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը, հրապարակախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի անդամ Սաթիկ Բադեյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

x