Արթուր Դավթյանի խոսքով՝ դատախազությունը մանրակրկիտ ուսումնասիրում է փակված մանկապարտեզների մասին «Հետք»-ի հետաքննությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը, ինչից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշատակեց Երևանում փակված, այնուհետև սեփականշնորհված մանկապարտեզների մասին «Հետք»-ի հետաքննությունները և հետաքրքրվեց գլխավոր դատախազից՝ արդյոք մինչև անցումային արդարադատության որևէ կոնցեպտ քննարկելը չպե՞տք է գույքի սեփականաշնորհման հիմքերը ուսումնասիրելով՝ գույքը քրեական գործի շրջանակներում հետ վերադարձնել:

«Արդյոք կա՞ հարուցված քրեական գործ և ի՞նչ արդյունք կարող ենք ակնկալել այդ գործերով»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը:

Արթուր Դավթյանը պատասխանեց, որ «Հետք»-ում հրապարակված հոդվածները առաջին իսկ պահից արժանացել են դատախազության ուշադրությանը. «Այդ հրապարակման մեջ նշված համապատասխան փաստերով ներկայումս մեր մասնագիտացված ստորաբաժանումը մանրակրկիտ ուսումնասիրություն է անցկացնում»,- ասաց գլխավոր դատախազը:

Արթուր Դավթյանի խոսքով՝ այս պահին կա հարուցված քրեական գործ, որի նախաքննության շրջանակներում շուրջ 5 մանկապարտեզների գործունեությունն է քննության առարկա դարձել՝ նկատի ունենալով, որ ձեռք են բերվել տվյալներ առևերույթ հանցագործության մասին.

«Մեր ուսումնասիրությունները ակտիվորեն շարունակվում են, և բոլոր այն դեպքերում, որտեղ ձեռք կբերվեն համապաստախան տվյալներ հանցագործության փաստի վերաբերյալ, պետության համապատասխան գույքային շահն ապահովելու ուղղությամբ դատախազական բոլոր գործիքները ներգործելու են: Մի վայրկյան չվարանե՛ք, դրանք բոլորը գործադրվելու են»,- եզրափակեց Արթուր Դավթյանը:

Արձագանքելով գլխավոր դատախազի պատասխանին՝ Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ կարո՞ղ են ակնկալել, որ հարուցված քրեական գործերով սեփականաշնորհված գույքերը վերադարձվեն պետությանը:

«Միանշանակ ակնկալելու ենք»,- ընդգծեց Արթուր Դավթյանը:

x