ԼՀԿ-ն ոչ մի ահաբեկչական խմբակցության չի աջակցում, եթե իմ խոսքն այդպես է ընկալվել, ներողություն եմ խնդրում. Փաշինյան |tert.am|

tert.am: Ո՞ր օրենքով եք առաջնորդվել, երբ ԱԱԾ տնօրենին ասել եք, որ պետք չէ Դավիթ Սանասարյանի գործը ԱԱԾ-ից տեղափոխել ՀՔԾ տիրույթ: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարցրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Դուք Ձեր 1 տարվա գործունեությունը ամփոփող ասուլիսում ասացիք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երկու-երեք անգամ եկել է Ձեզ մոտ, խնդրել է Սանասարյանի գործը փոխանցել ՀՔԾ-ին, բայց Դուք ասել եք՝ դեմ եք: Երբ ձեզ գալիս են, հարցնում՝ ով քննի գործը, ուրեմն դա սուպերվարչապետական համակարգ է»,- ասաց Մարուքյանը:

Փաշինյանը պատասխանեց, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, իսկ ԱԱԾ տնօրենը՝ վարչապետին ենթակա պաշտոնյա: «Երբ հարցը ստացել է քաղաքական հնչեղություն և քանի որ հարցադրումը քաղաքական է և ոչ թե իրավական, ես ասել եմ՝ գուցե քաղաքական որոշում կայացվի, և այս հարցը ուրիշ մարմին քննարկի, որպեսզի քաղաքական շահարկումներ չլինեն»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ասել է, որ իրենք՝ որպես քաղաքական մարմին, պետք է կարողանան կրել այդպիսի քաղաքական հարվածներ և այդ պատասխանատվությունը վերցնել իրենց վրա: Նա նշեց, որ քրեական գործի վերաբերյալ գործնականում ունի այնքան տեղեկատվություն, ինչքան հանրությունը: 

Էդմոն Մարուքյանն էլ հակադարձեց, որ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ եթե քրեական գործի ընդհատություն է առաջանում, ապա դատախազը կարող է վերցնել մեկ մարմնից և տալ մեկ այլ մարմնի: «Այդ հարցը չէր կարող Ձեր մոտ քննարկման առարկա դառնալ: Այդ գործը, ըստ օրենքի, ընդհատյա է ՀՔԾ-ին, բայց ես այդ դաշտ չեմ մտնում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը Փաշինյանին նաև հիշեցրեց, որ կառավարության վերջինս նիստում նա ԼՀԿ-ին մեղադրել էր բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ահաբեկչության կազմակերպմանն աջակցելու մեջ, և որ դա լուսաբանվել է մամուլով, ու իրենք պահանջում են հերքում:

«Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ ԼՀԿ-ն ոչ մի ահաբեկչական խմբակցության չի աջակցում, և բոլոր նրանք, ովքեր այսպես են ընկալել իմ հայտարարությունը, սխալ են ընկալել, և եթե ես եմ եղել սխալ ընկալման պատճառը, ես ներողություն եմ խնդրում դրա համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

x