Ըստ Մալայան կենտրոնի՝ իրենց մոտ ներարկումից կուրացածներ չկան, աչքի բորբոքում ստացած 6 հիվանդ վիրահատվել է. «Նատալի ֆարմն» էլ պնդում է՝ դեղամիջոցը ներակնային ներարկման համար չէ |tert.am|

tert.am: Եղել է «Avestin» դեղամիջոցի ներարկում, որը կատարվում է ամեն օր, և ինչ-ինչ պատճառով բորբոքվել են այդ օրվա ներարկված հիվանդների աչքերը: Այս մասին ասաց Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Գլաուկոմայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Ոսկանյանը:

«Բնականաբար, երբ աչքը բորբոքվում է, տեսողությունը նվազում է: Այս դեպքում կարելի է դեղորայքային բուժում անել, կարելի է նաև վիրահատություն անել: Բայց բորբոքված աչքերով հիվանդների քանակը մեծ էր, դրա համար որոշում կայացվեց ամեն դեպքում գնալ ամենառադիկալ միջամտության, որը վիրահատությունն էր, այսինքն՝ մաքրել բորբոքային բջիջները, կատարել հակաբորբոքային բուժում: Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ այսօր ոչ մի կուրացած աչք չկա: Դեպք է, որի տակից այդ հիվանդանոցը կարող է դուրս գալ»:

Ոսկանյանի խոսքով՝ դեղանյութը ներարկվել է 10 հիվանդի, բորբոքային խնդիրն առավել սուր է արտահայտվել շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ, հենց նրանք էլ վիրահատվել են. «6 հոգու մոտ եղել է շաքարային դիաբետ, նրանք վիրահատվել են, իսկ մնացած 4-ի պարագայում այլ դեղանյութով աչքը մաքրել ենք»:

Հարցին՝ որ կազմակերպությունից է ձեռք բերվել «Avesin» դեղամիջոցը, և ինչ հարուցիչ է հայտնաբերվել դեղանյութում, Ոսկանյանը չպատասխանեց. «Ես ուզում եմ` ամեն ինչը լինի ճշգրիտ, խնդիրն այն է, որ այսօր առավոտյան վերջնական իմացել ենք, որ հարուցիչ կա, մինչև դա պետք է ցանես, որ իմանաս՝ խնդիր կա»:

Բժիշկը հավաստիացնում է՝ հիվանդների տեսողությանը որևէ վտանգ չի սպառնում, ավելին՝ նրանցից ոչ ոք այս պահին հիվանդանոցում չէ. «Այսօր նրանք զննում են անցել, որից հետո ճանապարհել ենք տուն»:

Միջադեպի առնչությամբ պարզաբանում է տարածել նաև «Նատալի ֆարմ» ընկերությունը՝ տեղեկացնելով, որ խոսքը շվեյցարական Ռոշ ընկերության Avastin դեղամիջոցի մասին է, որը կիրառվել է ներակնային ներարկման եղանակով։

«Նախ պետք է փաստենք, որ տվյալ դեղամիջոցը ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների՝ նախատեսված չէ ներակնային ներարկման համար և, եթե բժիշկը ստանձնում է դրա ներարկումը, ապա ինքն է ամբողջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցությունների պատասխանատվությունը։

Երկրորդ, պետք է նշել, որ դեղի մեկ սրվակի պարունակությունը կարող է կիրառվել մի քանի հիվանդի համար, սակայն, դեղը պետք է կիրառել անմիջապես սրվակը բացելուց հետո և դեն նետել։ Եթե պրոցեդուրան չի արվել նույն պահին, այլ դեղը կիրառվել է մի քանի օրվա ընթացքում, ապա, այո, բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա փոխանցվել։

Նշված հետազոտությունը, հավանաբար, արվել է հենց տվյալ բաց սրվակից, սակայն, փակ սրվակն ուսումնասիրելու պարագայում եթե կրկին հաստատվի վարակի առկայությունը, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով դեղն արտադրող ընկերության բարձր վարկանիշն ու փորձը, ապա անհրաժեշտ կլինի խնդիրը ներկայացնել ոչ թե Նատալի ֆարմ ընկերությանը, այլ անմիջապես դեղն արտադրողին՝ Շվեյցարական Ռոշ ընկերությանը։ Ցանկացած դեպքում Նատալի ֆարմ ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում, քանի որ այն հանդիսանում է զուտ ներկրող ընկերություն»,-ասված է պարզաբանման տեքստում։

x