Նախկինում էլ որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել․ Դավթյանը՝ հանցագործությունների աճի հետ կապված դատախազության քայլերի մասին |tert.am|

tert.am: «ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկմանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հարցրեց, թե հաշվի առնելով, որ տասնյակ տոկոսներով աճել են հանցագործությունների հետ կապված դատախազության գործողությունները, արդյոք տեղի՞ն է ենթադրել, որ նախկինում կաշկանդված են եղել՝ որոշակի ոլորտներում գործողություններ կատարելու։

Արթուր Դավթյանը կաշկանդված լինելու մասին հարցին այսպես պատասխանեց․ «Անկեղծորեն պատասխանում եմ՝ որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել։ Բայց հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ 10, 15, երբեմն բազմապատիկներով ցուցանիշների աճը ինչո՞վ է բացատրվում․ դա պարզ երկու պատճառ ունի, առաջինը՝ մեր քաղաքացիների ընդգծված նախաձեռնողականություններն են եղել, 3,6 անգամ ավելացել են քաղաքացիների հաղորդումները՝ հատկապես կոռուպցիոն բնույթի հաղորդումների հետ կապված»,-ասաց նա։

Դատախազը երկրորդ պատճառ համարեց այն, որ գործադիր իշխանության մարմինները ևս աչքի են ընկել ընդգծված նախաձեռնությամբ։ «Դատախազության տիրույթից 2018թ.-ին պետությանը պատճառված 84 մլրդ դրամ վնասից 32 մլրդը դատախազության գործառույթներում հարուցված քրեական գործերի արդյունքում են, և դրանց ճնշող մեծամասնությունը գործադիրի նախաձեռնությամբ ներքին ստուգողական հայտնաբերված խախտումներն են, որոնք դատախազություն են ուղարկվել, և քրեական գործեր են հարուցվել»,- շեշտեց նա։

 

x