Մեր պահանջն է, որ ֆինանսական շուկայում ցանկացած թանկացում հավասար լինի շուկայի բոլոր մասնակիցների համար |lragir.am|

Կառավարության առաջ բողոքի ակցիա անող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակցիներին կառավարությունում ընդունել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

«Ներկայացրեցինք մեր բոլոր առարկությունները, խոստացավ քննակումներ ունենալ համապատասխան ոլորտի ներկայացուցիչների հետ: Նա հարկ եղած դեպքում հարցը կզեկուցի նաև վարչապետին, և պայմանավորվեցինք, որ մինչև երկուշաբթի օրը մեզ տեղյակ կպահի կայացրած որոշումների մասին»,- հանդիպումից հետո լրագրողներին ասացին Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանն ու գրավատների շահերը ներկայացնող Մհեր Գևորգյանը:

Նրանք ասացին, որ իրենց առաջարկն է, որ պետական տուրքը չբարձրանա: «Մեզ համար խելամիտը այսօր գործող պետական տուրքն է: Մեր պահանջն է, որ ֆինանսական շուկայում ցանկացած թանկացում հավասար լինի շուկայի բոլոր մասնակիցների համար՝ սկսած ամենափոքրից մինչև ամենամեծը: Բայց մենք կողմնակից չենք, որ նման թանկացում լինի, որովհետև դա կբերի կոլապսի»,- ասացին նրանք:

Նշենք, որ օրենսդրական փոփոխություններով գրավատների համար պետական տուրքը ներկայիս 100 հազար դրամի փոխարեն տարեկան սահմանվելու է 6 մլն դրամ, այսինքն՝ 6000 տոկոսով թանկացում է լինելու: Իսկ փոխանակման կետերի համար ներկայիս 50 հազար դրամի փոխարեն սահմանվելու է 3 մլն դրամ:

lragir.am

x