Կինը չի վերարտադրի կոռուպցիոն մեխանիզմները, եթե գիտակցում է իր սեռի անարդար անհավասարությունը, ոչ թե փորձում տեղավորվել տղամարդկային հիերարխիայի մեջ․ Լենա Նազարյան

Ներկայացնում ենք ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի և «Սիվիլնեթ»-ի լրագրող Թաթուլ Հակոբյանի զրույցը քաղաքականության մեջ կանանց դերի ու հեղափոխությունից հետո դրա փոփոխության թեմայով։

-Վերջին շրջանում Հայաստանում, կարծես թե, կանայք ավելի են ներգրավված քաղաքականության մեջ, չէ՞։ Հատկապես Թավշյա հեղափոխության օրերին մենք տեսանք, որ կանայք, աղջիկները, ուսանողուհիները կարող են շատ բան փոխել այս երկրում։ Ի՞նչ եք կարծում։

-Ես չեմ կարող վստահաբար և միանշանակ պնդել, որ կանանց մասնակցությունը և ներգրավվածությունը կնվազեցնի կոռուպցիայի հավանականությունը պետական կամ մասնավոր համակարգերում, որովհետև մենք այդպիսի փորձ չունենք, առհասարակ աշխարհում այդպիսի փորձ քիչ կա։ Գուցե հիմա սկանդինավյան երկրները արդեն մոտենում են 50/50 հարաբերակցությանը, և իրենց մոտ զուգահեռաբար նաև կոռուպցիան է նվազել վերջին տասնամյակում, բայց էլի մենք չենք կարող միանշանակ պնդել, որ կոռուպցիայի նվազումը պայմանավորված է կանանց ներգրավվածությամբ։

Այսինքն՝ էդ ուղիղ կապը չենք կարող պնդել, որովհետև կարող են լինել այլ գործոններ։ Բայց կա մի հանգամանք, որն ինձ թույլ է տալիս կարծել՝ իսկապես կանանց ներգրավվածությունը կնվազեցնի կոռուպցիայի հավանականությունը, և ես ուզում եմ հիմնավորել իմ այդ վարկածը։ Իսկապես կանանց ներգրավվածությունը և մասնակցությունը կարող է նվազեցնել կոռուպցիան, բայց էստեղ պետք է մի պայման լինի։ Եթե կինը, կանայք գիտակցում են իրենց սեռի անարդար անհավասարությունը, ոչ թե փորձում են տեղավորվել արդեն եղած տղամարդկային հիերարխիայի մեջ՝ ֆիքսելով իրենց դիրքը, այլ գիտակցելով իրենց հանդեպ եղած անարդար անհավասարությունը, փորձում են կառուցել հավասարություն, արդարություն, փոխօգնություն, համագործակցություն, մասնակցություն և ներառականություն։ Ահա այդ պայմաններում արդեն ձգտումը կառուցելու հավասարություն, որ չլինեն արտոնյալներ, այդ փորձառությունը դառնում է քաղաքական որակ, մասնագիտական որակ և կարող եմ երաշխավորել՝ այդ կանայք զերծ կլինեն կոռուպցիայից և չեն վերարտադրի կոռուպցիոն այն մեխանիզմները, որ հիմա կա առավել շատ տղամարդկանց աշխատանքում։

Իսկ եթե չկա այդ ինքնագիտակցումը, չկա էդ ձգտումը հավասարություն, համագործակցություն կառուցելու, այլ պարզապես կանայք փորձում են տեղավորվել այդ հիերարխիայի մեջ մի քիչ բարձր, մի քիչ ցածր, այդ դեպքում ես չեմ կարող երաշխավորել, որ կինը կնպաստի կոռուպցիայի նվազմանը։ Շատ դեպքերում հենց կանանց ձեռքով էլ կարող է տեղի ունենալ այդ կոռուպցիան։ Այսինքն շատ կարևոր է ինքնագիտակցումը, սեփական խնդիրների գիտակցումը, որ իմ սեռի ներկայացուցիչները անարդար անհավասարության պայմաններում են և իմ խնդիրն է ոչ թե ձգտել տեղավորվել այդ հիերարխիկ համակարգի մեջ, այլ, ընդհակառակը, կազմաքանդել և հավասարության, արդարության ու համագործակցության պայմաններ ստեղծել, որտեղ արդեն արտոնյալներ չկան, հետևապես՝ կոռուպցիա էլ չկա։

-Մինչ դուք պատասխանում էիք այս հարցին, ես ուզում էի հիշել՝ ամենաբարձրաստիճան կին պաշտոնյան 91 թվականից հետո ով է եղել, և միշտ եղել է ԱԺ փոխնախագահ։ Մենք ունեցել ենք ԱԺ փոխնախագահներ Ձեզանից առաջ։ Առնվազն երկուսին հիշեցի։ Հնարավոր համարու՞մ եք, որ առաջիկայում Հայաստանի առաջնորդը լինի տիկին։

-Այո՛, հնարավոր համարում եմ, տարիներ կտևի, իհարկե, բայց բոլոր երկրներում էլ այդպես են սկսել։ Ես հիմա նաև էլի սկանդինավյան երկրներից մեկի փորձն եմ ուսումնասիրում և տեսնում եմ, որ իրենց մոտ 2003 թվականից է սկսել միտումը կանանց ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու՝ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, և ես վստահ եմ, որ մենք այդ ուղղությամբ գնալու ենք, և դաշտում կհայտնվեն կանայք, որոնք պատրաստ կլինեն ստանձնել այդ հանձնառությունը։

-Դուք լրագրող էիք, հետո ավելի շատ սկսեցիք զբաղվել (ակտիվիզմը դա մասնագիտություն է՞), ըմբոստություններով, ապա դարձաք քաղաքական գործիչ, Ազգային ժողով մտաք, հիմա փոխնախագահ եք։ Ձեզ որտե՞ղ եք տեսնում ապագայում։ Օրինակ՝ Դուք Ձեզ պատկերացնու՞մ եք Հայաստանի ղեկավար։

-Չէ՛, չեմ պատկերացնում, գոնե հիմա ես չեմ մտածում դրա մասին։ Ես հավատում եմ, որ ժողովրդավարությունը ոչ միայն պաշտպանում է ժողովուրդներին, այլ նաև պաշտպանում է ժողովրդի ընտրյալներին այն իմաստով, որ եթե մենք իսկապես ժողովրդավար պաշտոնյաներ լինենք, դա մեզ հնարավորություն կտա ժամկետը սպառելուց հետո հանգիստ զբաղվել նաև այլ գործունեությամբ։ Այսինքն՝ հասուն ժողովրդավարական երկրներում նորմալ բան է, երբ պաշտոնյան, ավարտելով իր ժամկետը, փորձում է այլ գործունեությամբ զբաղվել և նույնքան ընդունելի ու սիրված է լինում հանրության մեջ, որքան իր պաշտոնավարման ընթացքում է եղել։ Ես հուսով եմ, որ  կունենամ այդ հնարավորությունը։ Համենայնդեպս, ես մտածում եմ դրա մասին։ Վստահ եմ, որ այս ընթացքում քաղաքական դաշտում կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ստանձնել քաղաքական ղեկավարությունը։

x