Արմեն Սարգսյանն ընդունել է «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի պատվիրակությանը |tert.am|

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր Հայաստան է ժամանել «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի (Global Leadership Foundation) պատվիրակությունը, որի կազմում են 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին:

Այցի շրջանակում պատվիրակության անդամները կհանդիպեն հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ, կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կլինեն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:

«Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի բոլոր անդամները պետությունների կամ կառավարությունների նախկին ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք են: 2006-2013 թվականներին հիմնադրամի խորհրդի անդամ է եղել Արմեն Սարգսյանը:

Շահույթ չհետապնդող, անկախ այս կառույցը ողջ աշխարհում աջակցում է քաղաքական առաջնորդներին՝ նրանց համար հասանելի դարձնելով նախկին ղեկավարների փորձառությունը

x