Ավտոմաքսատան մաքրությունը և Իշխան Զաքարյանի ընտանիքի հետ փոխկապակցված ընկերությունը |civilnet.am|

civilnet.am: Ապրիլի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Նորագավիթի ավտոմաքսատուն։ Վարչապետը շրջեց մաքսատան տարածքով և ծանոթացավ պայմաններին։ Տարածքի կեղտոտ վիճակը Նիկոլ Փաշինյանին զայրացրեց։ Նա պատերի սարդոստայնը ձեռքով մաքրում էր և տեսախցիկների առջև ցույց տալիս Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին ու ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին։ Կառավարության տեսախցիկն էլ ակտիվ արձանագրում էր ծխախոտի մնացորդներն ու կեղտոտ պատերը։

«Սա խայտառակ կեղտոտ տարածք է, սա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, սա անթույլատրելի վիճակ է»,- ասում էր վարչապետը։
Փաշինյանն այնքան զայրացած էր, որ հրահանգեց աշխատանքից հեռացնել մաքսատան երեք աշխատակիցներին։

ՊԵԿ նախագահը և նրա տեղակալը վարչապետին չհուշեցին, որ տարածքի մաքրման համար կան պատասխանատու կազմակերպություններ։
ՊԵԿ-ի Նորագավիթի, իսկ պաշտոնապես՝ Արարատյան մաքսատուն-վարչության մաքրության աշխատանքները իրականացնում են «Քլիներս» և «Փայլք» ՍՊԸ-ները։
«Քլիներսը» իրականացնում է Արշակունյաց 127/21 հասցեում գտնվող անգարի և գրասենյակային հատվածի մաքրման աշխատանքները, իսկ «Փայլքը»՝ բակային և օժանդակ տարածքների մաքրման աշխատանքները։

«Քլիներսը» փոխկապակցված է Իշխան Զաքարյանի ընտանիքի հետ
«Քլիներս» ընկերությունը մարտին հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այս ընկերությունը շահել էր Ազգային ժողովում մաքրություն կատարելու մրցույթը և որոշ խնդիրներ էին առաջացել խորհրդարանում աշխատող մաքրուհիների հետ։

Ընկերության 70 տոկոս բաժնեմասի տերը Խաչատուր Սաֆարյանն է, իսկ 30 տոկոսինը՝ Գարուշ Պապիկյանը, որը նաև ընկերության տնօրենն է։
Խաչատուր Սաֆարյանի հետ համատեղ բնակվում է նաև ԱԺ նախկին պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի դուստրը՝ Հասմիկ Զաքարյանը։

2018-ի հունվարի 25-ին ՊԵԿ-ն այս ընկերության հետ կնքել էր 258 մլն դրամի պայամանագիր, որով «Քլիներսը» պարտավորվել էր ապահովել ՊԵԿ-ի 46 շենքերի և տարածքների, այդ թվում Նորագավիթի ավտոմաքսատան մաքրությունը։ 2018-ի ապրիլ-մայիս ամիսների իշխանափոխությունից հետո՝ հուլիսին, ընկերության հետ կնքված պայմանագիրը լուծարվում է՝ անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման հիմքով։ Այնուհետև ՊԵԿ-ը հայտարարում է նոր մրցույթ և ներգրավում «Փայլքին»՝ ավելի ցածր գումարով, իսկ 2019-ին նորից «Քլիներսն» է մրցույթը հաղթում, սակայն մի քանի անգամ նվազեցված գումարով։

Ավելին կարդացեք՝ civilnet.am-ում

x