Ռոբերտ Քոչարյանը դատարանում է |aysor.am|

aysor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը: Դատարանում է նաև ՀՀ 2-րդ նախագահ, գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը։

Երբ Քոչարյանը մտավ նիստերի դահլիճ, դահլիճում ներկաները, որոնք երկրորդ նախագահի աջակիցներն են, բացականչեցին. «Ա-զա-տու-թյուն, Ա-զա-տու-թյուն»։ Քոչարյանը հեռվից ձեռքով ողջունեց իր աջակիցներին։

Նիստն անցկացվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, ապակեպատ դահլիճում, որտեղ անցկացվել է «Սասնա ծռերի» գործով դատավարությունը։

Մեղադրանքը դատարանում կպաշտպանեն դատախազներ Կարեն Բիշարյանը, Պետրոս Պետոսյանը և Գևորգ Բաղդասարյանը։
Այս նիստի ընթացքում պետք է որոշվի մեղադրյալների կալանքի հարցը։ Մեղադրյալներից 3-ը՝ Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը, դատական նիստի անցկացման մասին ծանուցում չեն ստացել։

x