Եկել եմ իմ զորակցությունը հայտնելու նախագահ Քոչարյանին. Աղվան Վարդանյան |tert.am|

tert.am։ «Կարծում եմ, որ ամեն մի քաղաքացի այս օրերին գոնե մեկ օր պետք է այստեղ լինի: Ես եկել եմ իմ զորակցությունը հայտնելու նախագահ Քոչարյանին»: Այս մասին Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով նախնական դատական նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նա լրագրողներին հորդորեց նայել այն փաստաթղթերը, որոնք դեռևս 2011 թվականին ԱԺ հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են և մանրամասն ընթացակարգով բացատրված են:
«Մարտի մեկի առավոտյան ոչ մի զոհ չի եղել, և սա փաստ է»,- ասաց նա:

Իսկ թե ինչպես կմեկնաբանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ ՄԻԵԴ որոշումը, նա պատասխանեց. «Շատերը՝ նաև ՄԻԵԴ-ն է ասում, որ Տեր-Պետրոսյանը կարող էր գալ և խաղաղեցնել ցույցը, բայց ես ասում եմ՝ նա չէր գալու, նրա նպատակը հենց սա էր: Եվ երբ ասում էր՝ «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի», դա Տեր-Պետրոսյանն ասում էր խոսքով, գործով դա չէր անում: Նա խոսքի մարդ է, խոսքի տեր մարդ չէ:

Կարող էր գալ, որ նման բան չլիներ, բայց նա չէր գալու, որովհետև նրան սա պետք էր, և հաջորդ օրն ինքը հեռախոսով ասելու էր՝ «իսկապես ամեն ինչ շատ լավ էր, ուրիշ ձև չկա»: Սա իր ուզածն էր: Այս մասին պարոն Փաշինյանը մանրամասն գրել է, կարդացե՛ք»:

x