«Երբեմն մաշված գրքերը շրջանառությունից չենք հանում, որովհետև փոխարինող գրքեր չկան»․ գրադարանի աշխատակից

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի գրադարանում, ինչպես մարզային շատ գրադարաններում, գրքերի համալրման և շենքային պայմանների խնդիր կա։
Գրադարանը նախկինում գործել է գյուղի Մշակույթի տանը, որն արդեն երկար տարիներ վթարային է համարվում և մասամբ փլուզված է։ Այժմ գրադարանը գործում է համայնքապետարանի շենքում, որտեղ վերջինիս համար մեկ սնյակ է հատկացված։

Գրքերի համալրումը։ «Վերջին անգամ գրադարանը գրքերով համալրվել է 2018 թվականի դեկտեմբերին՝ 8 կտորով։ Նվիրատվության կարգով ուղարկել են մարզի կենտրոնական գրադարանից»,- ասում է գրադարանի աշխատակից Աննա Մամիկոնյանը։ Նրա խոսքով, սկսած 2012 թվականից, գրադարանին ամեն տարի մի քանի գիրք են ուղարկում։

Վերջին անգամ ուղարկված 8 գրքերի թվում են «Հայոց պատմության» ակադեմիական բազմահատորյակի մի քանի հատորներ, Վարդգես Սևոյանի գիրքը, «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմերի, նորմատիվ ակտերի տեղեկագիրը» և Նիկոլ Փաշինյանի «Չար տնակի հեքիաթը գիրքը»։

Սակայն ավելի շատ դպրոցական ծրագրում ընդգրկված գրքերի պահանջարկ կա, ասում է Աննա Մամիկոնյանը։ 2018 թ․ տվյալներով Արշալույս գյուղի գրադարանի 689 ընթերցողների հիմնական մասը դպրոցականներն են։ «Ավարտական դասարաններն ավելի շատ են օգտվում, քանի որ ծրագրային պահանջ կա։ Ամենաշատը կարդում են հայ գրականություն՝ Անանյան, Թումանյան, Րաֆֆի և այլն․ այն, ինչը ծրագրային է։ Մնացած գրքերը կարդում են, բայց հազվադեպ։ Ես շատ կուզեի, որ մեր գրականությունը թարմանար թեկուզ Սևակով, Թումանյանով։ Դրանք արդեն հին գրքեր են»,-նշում է գրադարանի աշխատակիցը։

Անհատական նվիրատվություններ նույնպես երբեմն լինում են։ «Հիմնականում էլի մեր ուզած գրքերը չեն եղել։ Ռուսերեն ահագին գրքեր գյուղի նախկին բժշկուհին է նվիրել։ Բայց որ ասեմ, սրանք էլ չօգտագործվող գրքեր են»,- ասում է Աննա Մամիկոնյանը։ Նշված գրքերի հեղինակների շարքում էին Մաքսիմ Գորկին, Նիկոլայ Գոգոլը, Միխայիլ Սալտիկով-Շեդրինը, Իվան Տուրգենևը և այլն։ «Ռուսերենից պասիվ են երեխաները։ Ռուս հեղինակների գործերը անգամ հայերեն թարգմանությամբ հազվադեպ են կարդում»,-շեշտում է աշխատակցուհին։
Նա պատմում է, որ երբեմն պահանջված գիրքերը գրադարանում չլինելու դեպքում ընթերցողներին ուղղորդում են Էջմիածին քաղաքի գրադարան։ Պատահում է՝ աշխատակիցներն իրենք են տանից գրքեր բերում։

Վնասված գրքերը։ Նախորդ տարեվերջի տվյալներով Արշալույս գյուղի գրադարանում կա 10242 գիրք՝ հայոց լեզվով, ռուսերենով և շատ փոքր քանակությամբ՝ անգլերենով։ Գրքերի զգալի մասը, սակայն, ունի հնության և մաշվածության խնդիր․ «Արդիականությունը կորցրած գրքեր կան։ Օրինակ՝ մանկական գրականությունը։ Տալիս ենք կարդալու, բայց շատ մաշված են, քանի որ տասնամյակների գրքեր են։ Երբեմն մաշված գրքերը շրջանառությունից չենք հանում, որովհետև փոխարինողներ չկան։ Դրանցից ընտրում ենք նրանք, որոնք պահանջված են և այնքան մաշված չեն, որ հնարավոր չլինի կարդալ»,- ասում է Մամիկոնյանը։

Գրքերի վնասվելուն նպաստել են գրադարանի նախորդ շենքի պայմանները։ Արշալույս գյուղի մշակույթի նախկին տան առաստաղը փայտից է եղել, ինչի հետևանքով էլ դրանք սկսել են խոնավանալ։ Գրքերի ներկայիս տեսքին նպաստել են նաև տեղափոխություններն ու նախորդ շենքի փլուզումը, ինչի հետևանքով դրանց զգալի մասը անդառնալիորեն փոշոտվել է։ Երկար ժամանակ գրադարանի՝ այլ տարածք չլինելու պատճառով գրքերը մնացել են պահեստներում։

Շենքային պայմանները։ «Այն ժամանակ տեղ չկար, շենք չկար։ Մի կերպ տեղավորվեցինք այս շենքում։ Այստեղ դահլիճ կար, տարածքը նեղ էր»,-նշում է գրադարանի աշխատակիցը։

Պատմում է, որ հիմնական բացը տեղում ընթերցելու որևէ անկյուն չունենալն է։
«Երեխա են, ասենք գալիս են, հանրագիտարանից, բառարանից պիտի օգտվեն։ Ես իրավունք չունեմ դուրս տամ այդ գրքերը, ու տարածք չկա տեղում դրանք ընթերցելու համար։ Բայց երբեմն, ճանաչելով ու վստահելով, որ հետ կվերադարձնեն, որոշ գրքեր տալիս եմ։ Կամ մեր կողքին նստում են, ինչ-որ հատվածներ են գրում, եթե պետք է»,-ասում է Աննա Մամիկոնյանը։

Գրադարանի աշխատակիցը պատմում է, որ համայնքապետարանի կողմից ընթերցասրահ կառուցելու ծրագիր եղել է, որը, սակայն, կիսատ է մնացել։
Խնդիր է նաև ջերմաստիճանը, որը որևէ կերպ չի կառավարվում։ Միայն ձմռանը ջեռուցվում է, իսկ ամռանը երբեմն օդափոխվում՝ պատուհանները բացելու միջոցով։

Մարգարիտա Ղազարյան

x