«ԱԴԾ` գլխավոր ահաբեկիչ»․ Ինչու՞ են ձերբակալվել ու խոշտանգվել ռուս հակաֆաշիստները

Ռուսաստանում նախագահական ընտրություններին արդեն ավանդապես նախորդող «հակաահաբեկչական գործողությունների» շրջանակներում 2017 թ․ Անվտանգության դաշնային ծառայության ( ԱԴԾ, ФСБ) կողմից քրեական գործ էր հարուցել «Ցանց» կազմակերպության վերաբերյալ։ Ըստ ԱԴԾ֊ի՝ «Ցանցը» ահաբեկչական կազմակերպություն է, որը ստեղծվել է նախագահի ընտրությունների և ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում պայթյուններ կազմակերպելու նպատակով՝ քաղաքական իրավիճակն ապակայունացնելու, ժողովրդական զանգվածներին աշխուժացնելու և անարխիստական պետություն ստեղծելու համար։

Քրեական գործի շրջանակներում 2017-2018 թթ․ Պենզա և Սանկտ Պետերբուրգ քաղաքներում ձերբակալվել է 11 անձ։  Ձերբակալված ակտիվիստները քննչական մեկուսարանում ենթարկվել են խոշտագումների, տանջաքննվել հոսանքով, արդյունքում՝ տվել ցուցմունքներ ու ինքնախոստովանականներ, որոնցից հետագայում հրաժարվել են։

Ինչու՞մ է ԱԴԾ֊ն մեղադրում հակաֆաշիստներին

Ըստ ԱԴԾ֊ի՝ «Ցանցը» գոյություն ունի 2014 թվականից, հիմնադիրն է Պենզայի բնակիչ Դմիտրիյ Պչելինցևը։ ԱԴԾ-ի հաղորդմամբ՝ նրանք պլանավորում էին պայթյուններ իրականացնել նախագահի ընտրությունների և ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում, թիրախն էին լինելու «Միասնական Ռուսաստան» կուսակցության գրասենյակները, փոստային բաժանմունքներն ու ուժային կառույցների աշխատակիցները։

Թեև այժմ քրեական գործն ընթանում է «ահաբեկչական կազմակերպության ստեղծելու և անդամ հանդիսանալու» հոդվածով (205.4 ՔՕ), հատուկ ծառայությունը ենթադրում է, որ «Ցանց»-ի գործունեությունում կան «իշխանությունը բռնի զավթելու» և «զինված ապստամբության» հատկանիշներ (278, 279 ՔՕ)։

Պենզայում ձերբակալված ակտիվիստներն, ըստ իրենց, հակաահաբեկչական գործողությունների շրջանակում բացահայտված «Ցանցի» գոյության և սեփական անդամակցության մասին իմացել են հենց ԱԴԾ֊ում։

ԱԴԾ֊ն իր վարկածը հիմնականում հիմնավորում է ձերբակալվածների ցուցմունքներով և ինքնախոստովանականներով, որոնք, ըստ գրեթե բոլոր ձերբակալվածների, կորզվել են խոշտանգումների միջոցով։ Այդ մասին նրանք հայտնել են գրեթե անմիջապես՝ փաստաբանների ու իրավապաշտպանների միջոցով։ Քրեական գործի շրջանակում պայթյուններ կազմակերպելու մտադրության ապացույց են հանդիսացել նաև խուզարկության արդյունքները։

ԱԴԾ֊ի պնդմամբ՝ Կուկսովի, Պչելինցեվի և Շակուրսկու մոտ խուզարկության ընթացքում զենք են հայտնաբերել, իսկ Արման Սագինբայեվի մոտ ալյումինե փոշիով և ամոնյակի սելիտրայով դույլ (հետաքննությունը պնդում է, որ սրանք ինքնաշեն պայթուցիկի կոմպոնենտներ են)։ Սագինբայեվից բացի բոլորը ասում են, որ զենքն իրենց մոտ գցել են ԱԴԾ աշխատակիցները։ Սագինբայեվը համաձայնել է, որի արդյունքում ստացել է հնարավորություն հանդիպել մոր հետ, ժամանակին ստանալ որոշ դեղամիջոցներ և մթերքներ։

Քրեական գործի հիմքում որևէ գործողություն չկա, ինչը ԱԴԾ֊ն բացատրում է սեփական կանխարգելիչ գործողությունների արդյունավետությամբ։

Պենզայի ակտիվիստները, «ՕՎԴ֊ինֆո»֊յի տվյալներով, ձերբակալվել են դեռ 2017 թվականի հոկտեմբեր֊նոյեմբերին։ Գործի նյութերից հետևում է, որ գաղտնագործունեության համար յուրաքանչյուր անդամ ունեցել է մականուն, միմյանց հետ կապը պահպանել են Jabber պրոտոկոլի (հայտնի է նրանով, որ ապահովում է անոնիմության բարձր մակարդակ՝ չպահանջելով, օրինակ հեռախոսահամար) միջոցով։

Ըստ ԱԴԾ-ի՝ 2015 թվականի վերջին «Ցանցի» յուրաքանչյուր անդամ ուներ իր պաշտոնն ու դերը․ Պչելինցեվը լիդերն ու գաղափարախոսն էր, նրա տեղակալը հետախույզն էր, ով զբաղվում էր պայթեցնելու ենթակա շենքերի մասին ինֆորմացիայի հայթայթմամբ և նոր անդամների հավաքագրմամբ, Արման Սագինբայեվը ինժեներն էր, նա պետք է պատրաստեր և տեղադրեր պայթուցիկը, Իլյա Շակուրսկին մարտավարն էր, որն այլ անդամների սովորեցնում էր մարտի վարման առանձնահատկությունները, Անդրեյ Չեռնովը կապի մասնագետն էր, ապահովում էր մասնակիցների միջև շփումը, Յեգոր Զորինը հրաձիգն էր, «ռազմական դրությունից հետո պետք է մասնակցեր ուժայինների հետ բախումներին», «Բորիսը» ևս մեկ համակարգող և գաղափարախոս էր։

2016 թվականի ամռանը, ինչպես նշված է գործի նյութերում, «Ցանցի» կազմ մտան ևս մի քանի կազմակերպություններ, ձևավորվեցին ռուսական «բջիջները»՝ Պենզայում, Մոսկվայում, Պետերբուրգում։ Բացի դրանից, ԱԴԾ֊ի տվյալներով, «Ցանցի» ստորաբաժանումներ կան նաև Բելառուսում, և թեև «բջիջները» շատ հարցերում ինքնուրույն էին, հիմնական ղեկավարումն իրականացվում էր Պենզայից։

Կարծես ԱԴԾ֊ի կողմից «ահաբեկչական կազմակերպության» քրեական գործի համար հիմք է հանդիսացել նաև ակտիվիստների սթրայքբոլով հետաքրքրվածությունը։ Նրանք միասին մարզվում էին անտառում, սովորում էին առաջին բուժօգնություն ցուցաբերել և ողջ մնալ վայրի բնության մեջ։ ԱԴԾ֊ն պնդում է, որ հակաֆաշիստները մարզվում էին հենց պայթյուններ կազմակերպելու նպատակով։

Պենզա։ Ձերբակալություններ

2017 թվականի հոկտեմբեր֊նոյեմբեր ամիսներին Պենզայում ձերբակալվեցին հինգ հակաֆաշիստներ։

Հոկտեմբերի 18֊ին Պենզայի պետական համալսարանի ուսանող Եգոր Զորինի` ԱԴԾ ծառայողներին տված ցուցմունքներն են, ըստ երևույթին, հիմք դարձել հակաֆաշիստների «ահաբեկչական կազմակերպության» մասին գործի հարուցման համար։ Զորինն այդ ժամանակից ի վեր կապ չի հաստատել ո՛չ ընկերների, ո՛չ էլ լրագրողների հետ։

Դրանից մեկ օր անց ԱԴԾ աշխատակիցները կալանավորել են նաև Պենզայում հայտնի ակտիվիստ Իլյա Շակուրսկիին, ով Զորինի հետ սովորում էր համալսարանի նույն խմբում։ Երբ ակտիվիստը հրաժարվել է մեղադրանքներից, նրան ծեծել են՝ սպառնալով բռնաբարությամբ և ցմահ ազատազրկմամբ։



Վասիլիյ Կուկսովին ձերբակալել էին Շակուրսկու հետ միաժամանակ։ Նրա կինը պատմել է, որ ամուսնուն չգտնելուց մի քանի ժամ անց տան դուռը բանալիով բացել են ԱԴԾ-ի 10 աշխատակիցներ։ Ըստ կնոջ՝ նրանցից մեկը բռնել էր ծեծված Վասիլիի վիզը, նա հազիվ էր ոտքերի վրա կանգնում, քիթն ու ճակատը ջարդված էին, անդրավարտիքն ու վերարկուն՝ ճղճղված ու արյան մեջ։ Նրանք պահանջել են Կուկսովից բացել մեքենայի դուռը։ Վերջինս միանգամից նկատել է, որ դռան կողպեքը ջարդված է և բարձր ասել դրա մասին։ Ապա ԱԴԾ աշխատակիցները մեքենայից ատրճանակ են հանել։

Ապա ձերբակալում են Դմիտրիյ Պչելինցեվին։ Նրա բանակարանի խուզարկման արդյունքում բռնագրավել են երկու որսորդական կարաբիններ և երկու տրավմատիկ ատրճանակ, որոնք գրանցված էին Պչելինցեվի անունով։ Վերջինս աշխատում էր որպես հրաձգության հրահանգիչ։ Ապա ուժայինները նրա մեքենայից, որի անվտանգության ազդանշանը չէր աշխատում արդեն վաղուց, հանում են երկու նռնակ։Հաջորդ օրը նա կալանավորվում է։

Օրեր անց Պենզայում ձերբակալում են Անդրեյ Չերնովին։ Գրեթե նույն ժամանակ, բայց արդեն Պետերբուրգում՝ Արման Սագինբայեվին, նրա կողոսկրերը կոտրված էին, նա հրաժարվում է ընկերների, լրագրողների և իրավապաշտպանների հետ շփումից․ մի պատահական հանդիպման ժամանակ նա Պչելինցեվից ներողություն է խնդրել, որ տանջաքննության ընթացքում զրպարտող ցուցմունք է տվել նրա և մնացած ձերբակալվածների մասին։

Պենզա։ Խոշտանգումներ

Շակուրսկին պատմում է․ «Ներս են գալիս դիմակավոր երեք անձ, պահանջում շրջվել դեպի պատը և հանել վերնազգեստը։ Կապել էին աչքերս, ձեռքերս ու բերանս խցանել գուլպայով։ Ոտքերիս բութ մատներին կպցրեցին ինչ֊որ էլեկտրալարեր։ Ես զգացի հոսանքի առաջին լիցքը։ Նրանք շարունակում էին գործընթացն այնքան, մինչև ես խոստացա ասել այն, ինչ նրանք կցանկանան։ Դրանից հետո ես մոռացա «ոչ» բառը և ասում էի այն ամենն, ինչ ինձնից պահանջում էին» ֊ ավելի ուշ պատմում է Շակուրսկին քննչական մեկուսարանի նկուղում տեղի ունեցածի մասին։

Դմիտրիյ Պչելինցեվը պատմում էր, քննչական մեկուսարանի նկուղում ԱԴԾ յոթ աշխատակիցներ հրամայել են հանվել, հետո կապել են նրա ձեռքերը, ոտքերը, բերանը խցկել մի լաթի կտոր։

Սպիտակ բժշկական ձեռնոցներով ԱԴԾ աշխատակիցը դանակով մաքրում է դինամո մեքենային միացված երկու լար, հետո ամրացնում Պչելինցեվի ոտքերի բութ մատներին և պտտում դինամոյի բռնակը։ Նա անտանելի ցավերի մեջ էր, մեջքով և գլխով հարվածում էր պատին։

«Նրանք փորձում էին հանել ներքնազգեստս և ամրացնել հոսանքի լարը սեռական օրգաններիս։ Ես գոռում էի, խնդրում էի դադարեցնել ինձ ծաղրելը։ Նրանք կրկնում էին․ «Դու ես առաջնորդը»։ «Այո, ես եմ առաջնորդը», - պատասխանեցի ես, որպեսզի դադարեցնեն տանջանքերը։ «Դուք պատրաստվում էիք իրականացնել ահաբեկչական գործողություններ»։ Ես պատասխանեցի․ «Այո, մենք պատրաստվում էինք ահաբեկչական գործողություններ իրականացնել»», ֊ պատմել է Պչելինցեվը իր փաստաբանին։
Քննչական մեկուսարանում, որտեղ Պչելինցեվին տանջել են մեկ ամսից ավել, երբեմն լսվում էին Արման Սագինբայեվի գոռոցները։

Պչելինցեվն ու իր փաստաբանը պատմել են տանջաքննությունների մասին լրագրողներին և դիմել են քննչական կոմիտե։ Մի քանի օր հետո ԱԴԾ աշխատակիցները ստիպել են Պչելինցևին հրաժարվել իր խոսքերից՝ նրան նորից տանջաքննելով։

Պետերբուրգ։ Ձերբակալություններ և խոշտանգումներ

Պետերբուրգում ձերբակալված Սագինբայեվը տանջաքննության ընթացքում, հավանաբար, զրպարտող ցուցմունք է տվել իր պետերբուրգյան ընկերների մասին, այդ թվում նա նշել է Իգոր Շիշկինին և Վիկտոր Ֆիլինկովին։ Այսպես «Ցանցի» գործում հայտնվել են ևս երկու «ահաբեկիչ»։



2018 թվականի հունվարի 23֊ի երեկոյան հակաֆաշիստ Վիկտոր Ֆիլինկովին օդանավակայանից ԱԴԾ վեց աշխատակիցներ նստեցրին միկրոավտոբուս ու տարան։ Նրան տանջում էին էլէկտրաշոկերով, ծեծով։ Շուտով, երբ Ֆիլինկովը պատրաստ էր համաձայնել ամեն ինչի, նրան տարան Պետերբուրգի ԱԴԾ֊ի շենք։ Այնտեղ նա պատմեց քննիչին տանջաքննության ընթացքում սովորած ցուցմունքները։

Հունվարի 25-ին դատարանը ձերբակալեց նրան և ուղարկեց քննչական մեկուսարան։ Երբ նրա մոտ եկան իրավապաշտպանները և փաստաբանը, Ֆիլինկովը հրաժարվեց ցուցմունքներից և պատմեց խոշտանգումների մասին։ Նա ցույց տվեց նրանց էլեկտրաշոկերի հարվածների բազմաթիվ հետքերը։

Նրա ձերբակալությունից 3 օր հետո Պետերբուրգում անհետացավ հակաֆաշիստ Իգոր Շիշկինը․ 2 օր անց դատական նիստի ժամանակ ԱԴԾ աշխատակիցները փակել էին նրա դեմքը շարֆով։ Բժիշկները Շիշկինի մոտ ջարդվածք, բազմաթիվ հեմատոմաներ և քերծվածքներ ախտորոշեցին։ Դրանից բացի, իրավապաշտպանները նրա մարմնի վրա հայտնաբերեցին այրվածքներ էլեկտրաշոկերից, բայց նա չպատմեց խոշտանգումների մասին։ Ավելի վաղ Շիշկինը ԱԴԾ-ում ստորագրել էր փաստաթուղթ այն մասին, որ բոլոր վնասվածքները ստացել է սպորտով զբաղվելիս։

Ապրիլի 11-ին հայտվեց նոր մեղադրյալ Սանկտ-Պետերբուրգից՝ 26-ամյա արդյունաբերական ալպինիստ, ակտիվիստ Յուլիյ Բոյարշինովը։

Յուլիին ձերբակալեցին 2018 թվականի հունվարի 21-ին, երբ փաստաթղթերի ստուգման ժամանակ նրա պայուսակում հայտնաբերեցին վառոդով անոթ։

Իսկզբանե խոսք չկար այն մասին, որ Բոյարշինովը «ահաբեկչական կազմակերպության» մասնակից է, բայց շուտով ԱԴԾ֊ի օպերաշխատողները սկսեցին բոլորին հարցաքննել նրա մասին (ընդ որում հոսանքով տանջաքննությունների ընթացքում)։ Եվ ահա, ապրիլի 11֊ին Յուլիի դեմ մեղադրանք առաջադրվեց «Ցանց» կազմակերպությանը մասնակից լինելու առթիվ (205.4 ՔՕ հոդվածի երկրորդ մաս)։

Հուլիսի 4֊ին Մոսկվայում ձերբակալել են ևս երկու հոգու՝ Միխաիլ Կուլկովին և Մաքսիմ Իվանկինին։ Բացի ահաբեկչական կազմակերպության հիմնման հոդվածից, նրանց մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի թմրանյութերի արտադրության և օգտագործման մասով (ՔՕ 228.1 հոդվածի 4֊րդ մասի «г» կետ ՔՕ 30 հոդվածի 3֊րդ մասի տարրերով)։

Քնչական կոմիտեն, ըստ Ֆիլինկովի բողոքի, ստուգում է անցկացրել: Օպերատիվ հատուկ աշխատակիցները հաստատել են Վիկտորի հանդեպ էլեկտրաշոկերի կիրառումը՝ բացատրելով դա որպես ծառայողական անհրաժեշտություն։ Քնչական կոմիտեն չգտավ խախտումներ ԱԴԾ-ի գործողությունների մեջ և հրաժարվեց քրեական գործ հարուցել:

Զորակցություն։ «ԱԴԾ` գլխավոր ահաբեկիչ»

Ռուսաստանում և շատ ուրիշ երկրներում սկսեցին ակցիաներ՝ ի զորակցություն ձերբակալված հակաֆաշիստների և անարխիստների․ ակցիաների/հավաքների գլխավոր կարգախոսը դարձավ «ԱԴԾ-ն գլխավոր ահաբեկիչն է» լոզունգը։

Նշենք, որ Շիշկինը Մոսկվայի ռազմական դատարանի կողմից 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Զորինն ազատ է արձակվել, հավանաբար, ուժայինների հետ համագործակցելու արդյունքում։ Կուլկովը և Իվանկինիը լքել են Ռուսաստանն ու այժմ հետախուզման մեջ են։ Մարտի 8-ից ընթանում են Ֆիլինկովի և Բոյարշինովի դատական նիստերը, մյուսների նիստերը հետաձգվել են։

 

x