Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն

Մայիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակության այցը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաք՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։

Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ինտերպոլի ուղիներով իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ինտերպոլի տվյալների պահոցներ մուտքի հնարավոր ընդլայնման, ծառայությունների օպերատիվ օժանդակության ցուցաբերման, հետախուզվող անձանց հայտնաբերման, անդրազգային հանցավորության դեմ պայքարին վերաբերող խնդիրներ և այլն:

Վալերիյ Օսիպյանը կարևորեց Ինտերպոլի դերը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու Ինտերպոլի գործունեությանը: Ինտերպոլի գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ դերակատարությունը և ակտիվ մասնակցությունը Կազմակերպության նախաձեռնություններին։

Հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պաշտոնապես հրավիրել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկին այցելելու Հայաստանի Հանրապետություն։ Հանդիպումն անցել է ջերմ ու գործընկերային մթնոլորտում:

Այցի ընթացքում կայացել են ևս մի շարք հանդիպումներ Ինտերպոլի գլխավոր քարտուղարության պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին Ինտերպոլի անդամ երկրների միջև համագործակցության հնարավորությունները, I-24/7 համակարգի ընդլայնման հնարավորությունները և այլ հարցեր։

x