Չպետք է հանդուրժենք փողոցում մսի վաճառքը` մտածելով, թե սոցիալական խնդիր ենք լուծում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի ժամանակ շեշտեց, որ այլեւս չպետք է թույլ տալ՝ առեւտուրն իրականացվի փողոցում, ինչպես 1990-ականների սկզբին էր։ «Երբ մեր երկիրը ստացավ անկախություն, մենք սկսել ենք «սեղանիկներից», որոնք անկախության առաջին տարիներին առեւտրային նոր ֆենոմեն էին։ Այս ժամանակ առեւտրի հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն «մայթերին»։ Սակայն հիմա, կարծում եմ, ժամանակն է, որ մենք այս իրավիճակին ցուցաբերենք բոլորովին այլ մոտեցում, որովհետեւ սպառողների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար»,- ասաց վարչապետը։

Նա նշեց որ սպառողների իրավունքը պատկերացնում է այսպես․ «Երբ քաղաքացին բենզալցակայանում չափիչ սարքի վրա տեսնում է, որ գնել է 15 լ բենզին, իրականում այդ գնված բենզինը պետք է լինի 15 լ եւ պետք է համապատասխանի այն ստանդարտներին, որը հայտարարված է։ Երբ քաղաքացին խանութից գնում է խաղալիք, նա պետք է համոզված լինի, որ պետությունը բավարար ջանք է գործադրել, որ այդ խաղալիքը մեր երեխաների առողջությանը չվնասի»։

Նրա համոզմամբ՝ փողոցային առեւտուրը սոցիալական ապահովության հետ կապելն անթույլատրելի է. «Եթե մենք փողոցում մսի վաճառքը հանդուրժենք՝ մտածելով, որ դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, դա նշանակում է՝ հանդուրժում ենք, որ մեր երկիրը լինի ցածր ստանդարտների երկիր, ոչ միայն սպառողների իրավունքների պաշտպանության, այլ նաև սոցիալական պաշտպանության առումով»։

Նա նաև հայտնեց, որ կառավարության համար առաջնահերթություն է հայրենական արտադրանքի ստանդարտների համապատասխանեցումը միջազգային ամենաբարձր չափանիշներին. «Մեր մեծագույն խնդիրը առաջիկա շրջանում ստանդարտների բարձրացումն է։ Սա հնարավորության կտա իրագործել մեր կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկը, համաձայն որի՝ մենք Հայաստանի տնտեսությունը պատկերացնում ենք արտահանմանը միտված, մինչդեռ մենք արտահանման հսկայական պոտենցիալ ուղղակի չենք կարողանում իրագործել, որովհետեւ մեր արտադրանքը շատ դեպքերում չի համապատասխանում այն ստանդարտներին, որոնք ընդունված են ԵՄ–ում, ԱՄՆ–ում, ԵԱՏՄ–ի երկրներում»։

Վարչապետը նշեց, որ սա նկատի ունենալով է նաև, որ ասում են՝ Հայաստանը պետք է լինի տեխնոլոգիական երկիր։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սպառողների իրավունքների պաշտպանությանը միտված աշխատանքը ունի բազմաթիվ նշանակություններ․ այսպիսով բարձրացնում ենք մեր երկրի ստանդարտները տնտեսապես, քաղաքապես, տուրիզմի առումով։ «Սա կապված է մեր երկրի միջազգային հեղինակության և ,իհարկե, մեր քաղաքացիների անվտանգության հետ։ Սպառողների և բիզնեսմենների, գործարար միջավայրի միջև հարաբերությունները
պետք է հիմնված լինեն ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա»։

Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատեց վերջին տասնամյակում սպառողական դաշտում ակտիվորեն գործող հասարակական կազմակերպությունների աշխատանքը, ընդգծեց կառավարության պատրաստակամությունը՝ վերջիններիս հետ համագործակցելու։ 
«Պատրաստ ենք բարձրացնել պետական մարմինների աշխատանքի որակը, որոնք առնչվում են սպառողների հետ, իսկ սպառողների հետ առնչվում են բոլոր պետական մարմինները, հետևաբար՝ պետք է բարձրացնենք բոլորի աշխատանքի որակը»,- ասաց ՀՀ վարչապետը։

x