Քոչարյանի գործով հրապարակվեցին հատվածներ Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի ցուցմունքներից |hetq.am|

hetq.am: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստին նրա պաշտպան Հայկ Ալումյանը հրապարակեց հատվածներ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ցուցմունքներից:

«Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմին՝ ասելով, որ զինված ուժերը որևէ կերպ չպետք է միջամտեն քաղաքական գործընթացներին, չներգրավվեն այդ գործընթացների մեջ, որ բանակում պետք է տիրի կարգ ու կանոն, և վերջապես պետք է առավել ուշադիր լինել սահմաններում՝ Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրադրության նկատմամբ, քանի որ չի բացառվում, որ Ադրբաջնի կողմից լինեն սադրիչ գործողություններ: Իմ հիշելով՝ նախագահը նաև նշեց Պաշտպանության նախարաիի տեղակալ Մանվել Գրիգորյանի մասին՝ ասելով, որ վերջինս պետք է որոշի՝ Պաշտպանության նախարարի տեղակալ է, թե՞ քաղաքական գործիչ: Ես ենթադրում եմ, որ նախագահի նման հայտարարությունը կապված էր հետընտրական գործընթացներին Մանվել Գրիգորյանի ղեկավարած Երկրապահ կամավորական միության անդամների ենթադրյալ ներգրավվածության հետ: Ինքը՝ Մանվել Գրիգորյանը ներկա է եղել խորհրդակցությանը, թե ոչ, չեմ հիշում»,- Գևորգյանի ցուցմունքից հատված մեջբերեց Հայկ Ալումյանը:

Գևորգյանը չի հիշել արտակարգ դրություն հայտարարելու և բանակն օգտագործելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի որևէ հայտարարություն, ուստի այդ հարցի շուրջ ոչինչ չի պատմել:

Պաշտպանության նախկին նախարար, 2008-ին Գլխավոր շտաբի պետ եղած Սեյրան Օհանյանը նշել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ի խորհրդակցության ընթացքում քննարկվել է զինված ուժերի մարտունակության խնդիրը, քանի որ անհրաժեշտություն կար զինված ուժերի զգոնության բարձրացման և հակառակորդի կողմից հնարավոր սադրանքների ու ոտնձգությունների հետ մղման:

«Բոլոր հրահանգները եղել են զինված ուժերի մարտունակության և զգոնության բարձրացման վերաբերյալ: Նմանատիպ ցուցում տվել է նաև Պաշտպանության նախարարը՝ զինված ուժերի ղեկավարությանը և նրանց ենթակա անմիջական կառույցների հրամանատարներին»,- իր ցուցմունքում նշել է Սեյրան Օհանյանը:

Այսօր նիստն ավարտվեց, այն կշարունակվի վաղը: 

x