ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին տպավորված է Հայաստանում գտնվելու 2.5 ամիսների իր տեսածով |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանում արդեն 2.5 ամիս Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը զբաղեցնող Լին Թրեյսին տպավորված է Հայաստանով ու հայ երիտասարդներով: Այս մասին դեսպանն ասաց Հայ-ամերիկյան առևտրային պալատում իր ելույթի ընթացքում:

«Ինչպես ավելի վաղ նշել էի, ուրախալի է, որ Հայաստանում հասարակության մեջ կա շահագրգռվածություն, մոտիվացիա՝ շարունակելու ու առաջ տանելու փոփոխությունները, այդ մղումն առկա է: Հայաստանում գտնվելու կարճ ժամանակահատվածում ես արդեն հասցրել եմ հասկանալ, որ մարդիկ այստեղ պատրաստ են ջանք ներդնել իրենց ապագան բարելավելու հարցում: Նրանք արդեն գիտեն, որ փոփոխությունը սկսվում է հենց իրենցից: Անցած տարվա ժողովրդավարական ձեռքբերումների նյութականացումն այժմ կախված է Հայաստանի ժողովրդից»,- ասաց Թրեյսին:

Դեսպանը հավաստիացրեց, որ մինչ Հայաստանը շարունակում է առաջ շարժվել, զարգացնել իր ժողովրդավարությունը, ամրապնդել իր տնտեսությունը և ձևավորել խաղաղության ու բարեկեցության համար անհրաժեշտ տիրույթը, Միացյալ Նահանգներն աջակցելու են Հայաստանին՝ որպես բարեկամ և գործընկեր:

x