Նախատեսվում է գյուղատնտեսական սեզոնին ժամանակավոր աշխատողների ընտանիքներին չզրկել նպաստից |armtimes.com|

armtimes.com։ Կառավարության հերթական նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կներկայացնի նախագիծ, որով նախատեսվում է գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներին այդ աշխատանքը կատարելու պատճառով չզրկել սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից:

Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել, համաձայն որոնց ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվող բնութագրիչները կլրացվեն նոր «գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ» սոցիալական խմբով և կսահմանվեն դրա կիրառման առանձնահատկությունները։

Նախագծով, առկա իրավակարգավորումներին զուգահեռ, ներդրվում է նաև նոր մեխանիզմ` գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց ընտանիքներին այդ աշխատանքի պատճառով ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու վերաբերյալ:

Նախագծի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունը և նշել, որ նախագծի ընդհանուր կարգավորումից, ինչպես նաև Նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ, թե ինչ սկզբունքով են ընդլայնվել միայն գյուղատնտեսական սեզոնային աշխատանք կատարող անձանց ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու արտոնությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2005 թվականի որոշմամբ հաստատված սեզոնային աշխատանքների ցանկում ներառված են նաև սեզոնային աշխատանքների այլ տեսակներ, որոնց պարագայում վերոնշյալ արտոնությունները կիրառելի չեն լինելու:

«Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ նախագիծը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի՝ ելնելով դրանում նախատեսված կարգավորումների հստակեցման և միատեսակ մոտեցման դրսևորման անհրաժեշտությունից: Այս առումով նախագծի հիմնավորման մեջ անհրաժեշտ է նախատեսել համապատասխան դրույթներ»,- նշված է նախարարության առաջարկության մեջ և առաջարկվող փոփոխությունները ընդունվել են մասամբ:

x