Ասացի, որ չեմ կարող ցույցի գալ, ասաց՝ այդ դեպքում դպրոց մի բերեք երեխային․ ծնողը՝ դպրոցի դասադուլի մասին

Այսօր առավոտյան մամուլում տեղեկություն տարածվեց, որ Արմավիրի թիվ 5 դպրոցի աշակերտները և ուսուցչական աշխատակազմը հավաքվել են մարզպետարանի դիմաց և վանկարկում են տնօրենի՝ Մաշա Իվանյանի անունը։

Պատճառը, ըստ այդ տեղեկությունների, դպրոցի տնօրենի՝ երեկ կայացած ընտրություններն են, որի ժամանակ միակ թեկնածուն՝ Մաշա Իվանյանը, չի ընտրվել, քանի որ կառավարման խորհրդի հինգ անդամները դեմ են քվեարկել նրա թեկնածությանը։ Ըստ ցուցարարների, այդ ընտրությունը ուղղորդված է եղել, ինչն էլ դասադուլի պատճառ է դարձել։

Արմավիր քաղաքի բնակիչ Արմանե Մխիթարյանի երեխան սովորում է նույն դպրոցի նախակրթարանի ռուսական բաժնում։ «Երեկ ինձ զանգեց ուսուցիչը, ասաց, որ վաղը երեխայի հետ 8։30 լինենք մարզպետարանի մոտ՝ ցույցի ենք»,-պատմում է Արմանեն։
Նրա խոսքով, իրենք հայտնել են, որ ցույցը կազմակերպվում է ի պաշտպանություն դպրոցի տնօրենի, քանի որ նրա և աշխատանքի հետ կապված ինչ-որ խնդիր կա, իսկ աշխատակիցներն ուզում են սատարել։

«Ասացի, որ չեմ կարող ցույցի գալ, քանի որ էդպիսի ցույցերին դեմ եմ։ Նշեց, որ դա կամավոր կերպով է կատարվում։ Հայտնեցի, որ եթե կամավոր է, մենք չենգ գնա։ Ասաց՝
այդ դեպքում դպրոց մի բերեք երեխային»,-պատմում է Արմանեն։

Վերջինս շեշտում է, որ ինքը ուսանող է և ստիպված է եղել այսօր բացակայել դասից, քանի որ պետք է մնար տանը և խնամեր երեխային՝ դպրոցում դաս չլինելու պատճառով։ Արմանեի խոսքով, ինքը միակ ծնողը չէ, որ վրդովված է այս իրավիճակից․ «Ծնողներից շատերը՝ նույնպես աշխատող , շատ վրդովված էին, քանի որ այսօր աշխատանքի գնացել են իրենց երեխաների հետ։ Ու նույնպես կարծում են, որ տնօրենի, ուսուցիչների ու մարզպետարանի խնդիրները նախակրթարանի հինգ-վեց տարեկան երեխաներին չեն վերաբերում։ Օրենքի խախտում է, երեխայի իրավունքների խախտում է, ծնողի իրավունքների խախտում է»,-շեշտում է Մխիթարյանը ու եզրափակում․

«Պարզվեց, որ ինչ-որ քրեական գործ կա հարուցված տնօրենի դեմ։ Իվանյանին չեմ ճանաչում, մի առիթով եմ տեսել միայն։ Տարբեր կարծիքներ կան նրա մասին։ Չեմ կարող ասել՝ ճիշտ են, թե սխալ, բայց ամեն դեպքում այդ ամենը չի վերաբերում աշակերտներին։ Ես չեմ ուզում մտնել քրեական գործի մեջ, որը հարուցված է տնօրենի դեմ․ դա մեզ չի վերաբերում։ Մեզ վերաբերում է այն, որ այսօր ուղղակի դասերը չեղարկվել են, որպեսզի տնօրենի հարցերը լուծեն»։

Մարգարիտա Ղազարյան

x