Քոչարյանը պետք է շարունակի և ասի, թե ովքեր են սպանել |lragir.am|

lragir.am: Հարցազրույց փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի հետ։

-Տիկին Սաֆարյան, դատարանում Ռոբերտ Քոչարյանը հարց բարձրացրեց, թե ինչու եք գործի մեջ ներառել միայն փաստահավաք խմբի ներկայացրած փաստերը, բայց ԱԺ-ում Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի ներկայացրած փաստերը չեք ներառել։ Նա միտում է տեսնում դրանում։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։

-Փաստահավաք խմբի զեկույցների հիմքում դրված ապացույցները Փաստահավաք խումբը տրամադրել է նույն Նիկոյանի հանձնաժողովին, այնուհետև չգիտեմ որ արխիվներից, ինչ-ինչ եղանակով հասել է ՀՔԾ-ին արդեն 2018 թվականին։ Փաստահավաք խմբի զեկույցները անկախ մարմնի կողմից տրված զեկույցներ են, և այդ անկախ մարմինն ապահովել է այդ նյութերի օբյեկտիվ ձեռք բերելու աղբյուրները։ Նիկոյանի հանձնաժողովն աշխատել է ավելի շատ պաշտոնական վարկածը հիմնավորելու և պաշտոնական վարկածով զեկույց պատրաստելու ուղղությամբ, ինչը շատ դրվագներով չի բխել գործով ձեռք բերված փաստերից։

Այսինքն՝ ես հասկանում եմ, թե ինչու է Քոչարյանն ուզում, որ Նիկոյանի հանձնաժողովի զեկույցը դրվեր քրեական գործի մեջ, բայց դա էապես ոչինչ չէր փոխի, որովհետև այդ զեկույցը կարելի էր նույնացնել 2008-2009 թվականներին քրեական գործով քննված նյութերով կազմված մեղադրական եզրակացությունների, հետո նաև դատական ակտերի վարկածների հետ։ Դա չի կարող որպես իրողություն այս իրականության մեջ քննություն բռնել։ Նախկինում այդ նյութերի, Նիկոյանի հանձնաժողովի առաջ քաշած վարկածների հետ կապված նաև Եվրոպական դատարանը բազմաթիվ հերքումներ է տվել։ Դա որևէ նշանակություն չէր կարող ունենալ և դրա հարկը չկա էլ, որ դրվեր գործի մեջ։

Եկեք մի կողմ դնենք Փստահավաք խմբի և Նիկոյանի հանձնաժողովի ձեռք բերված նյութերը և խոսենք ՀՔԾ-ի կողմից քննությամբ ձեռք է բերված ապացույցներից, որոնք ակնհայտորեն բավարար են արձանագրելու, որ Լեռնային Ղարաբաղի ուժերը մասնակցել են մարտիմեկյան իրադարձություններին և որոշիչ դեր են ունեցել այն ամենի մեջ, ինչ կատարվել է մարտի 1-ին։ Ընդ որում՝ դա հենված է թե ժողովրդի, թե նաև զինվորականների ցուցմունքների վրա։ Քոչարյանի ասածը այս ամենի հետ կապված զուտ ինքն իրեն պաշտպանելու, այն էլ անհեթեթ եղանակով իրեն պաշտպանելու ճիգեր են։
Ես զարմացա, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը եկել են ու ուզում են Քոչարյանին թև ու թիկունք լինեն։

Իրենք 2008 թվականին էլ կարծես թև ու թիկունք են եղել, պարզապես ինչու վարույթ իրականացնող մարմինը իմ կողմից բարձրացված և քրեական գործում տեղ գտած նյութերի կապակցությամբ նրանց հարցեր չի ուղղել և ինչու նրանց այդ հանգամանքների կապակցությամբ չի հարցաքննել, այ դա արդեն հարց է։ Բակո Սահակյանը կամ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ինչպես են բացատրելու, որ լինելով գերագույն գլխավոր հրամանատար` այնտեղից զորք է եկել, խուժան է եկել, որին զինվորական համազգեստ է հագցվել, նրանք տեղավորվել են կառավարության շենքում և զինվորական հավաքակայանում։ Քրեական գործով շատ խորացված քննություն է եղել։ Թող Քոչարյանը այդ 70-ից ավելի հատորներին ծանոթանա և ուշադրություն դարձնի, թե դրանց հետ կապված ինչպիսի պարզաբանումներ է տալու։

-Անդրադառնալով բանակի ներգրավվածությանը մարտի 1-ի դեպքերին՝ Քոչարյանը հայտարարել է, թե չկա աշխարհում մեզ նման երկիր, որ բանակը նման դեպքերում չօգտագործի:

Չկա երկիր, և չկա նախագահ, որ փետրվարի 23-ից որոշի, որ մարտի 1-ին արտակարգ դրություն է հայտարարելու։ Չկա երկիր, որ ունենա այդ կարգի նախագահ, որ խորհրդակցություն անցկացնի և արդեն իմանա, թե ինչ քայլեր պետք է անի, որպեսզի իր սատելիտներով կարողանա իր ցանկալի արդյունքն ապահովել և պետական իշխանությունը պահել։ Այդ ամբողջ գործընթացների մեջ իր հիմնական ուղղությունը դա է եղել։ Նա անգամ հրաժարվել է այս կապակցությամբ իր դեմ ցուցմունք տվող անձի հետ առերեսվելուց։ Ուզում եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանի պատճառաբանությունները չեն բխում մեր Սահմանադրության 1-5 հոդվածներով նախատեսված դրույթներից։ Հենց այդ դրույթների ակնհայտ խախտման փաստով է, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը Քրեական օրենսգրքի 301 հոդվածի հանցակազմի սուբյեկտ է հանդիսացել։ Ես չեմ ուզում աշխարհի վատագույն կամ լավագույն փորձն այստեղ որպես օրինակ բերվի։ Եթե այդ օրինակներին նայենք, Քոչարյանի իշխանավարման տարիները հատուկ աչքի են ընկել ժողովրդավարության բացակայությամբ և բռնությունների կիրառմամբ։ Այսինքն ինքը գոնե իրավունք չունի աշխարհի հետ համեմատել իր պաշտոնավարման տարիները։

Շարունակությունը կարդացեք lragir.am-ում։

x