Արտաքին լուսավորության ոլորտում 60 միլիոն եվրոյի ներդրումային ծրագրի առաջարկը քաղաքապետարանը չի ընդունել

Եկեք Հայաստան, կատարեք ներդրումներ, հարստացեք և հարստացրեք մեզ: Այս խոսքերով են վերջանում Նիկոլ Փաշինյանի հանդիպումները հայ համայնքի ներկայացուցիչների հետ բոլոր այն երկրներում, որտեղ այս կամ այլ նպատակով լինում է ՀՀ վարչապետը: Ես չեմ կասկածում վարչապետի ազնվությանը և համոզված եմ, որ նա իսկապես ուզում է, որ մեր ժողովուրդը օր առաջ ապրի բարեկեցիկ կյանքով: Սրան զուգահեռ իմ մոտ առաջանում է նաև մեկ ուրիշ հարց. արդյոք նույն բանն է ուզում պետական կարևոր պաշտոններ զբաղեցնող չինովնիկների մի ստվար հատվածը: Ցավոք սրտի պարզվում է, որ դա այդքան էլ այդպես չի:

Հունիսի 18-ին կլրանա մեկ տարին, ինչ չեխական GRANDERA ՓԲԸ-ն և Ինովացիոն Տեխնոլոգիաների ինստիտուտը դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդլայնված բիզնես առաջարկով՝ Երեւանում 60 միլիոն եվրոյի ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով: Խոսքը վերաբերում էր Երևանի արտաքին լուսավորության ոլորտում համակարգային և արմատական փոփոխություններին, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաներով հագեցած 500 աշխատատեղ ապահովող լուսադիոդային համակարգեր արտադրող գործարանի կառուցմանը: Պետք է նշեմ, որ պետությունն ու քաղաքապետարանը որևէ ֆինանսական պարտավորություն վերոհիշյալ ծրագրի իրականացման գործընթացում չեխական կողմի նկատմամբ չէին ստանձնում:

Վարչապետի աշխատակազմն արագ արձագանքեց մեր նամակին և համապատասխան փաստաթղթերը, նոր քաղաքապետի ընտրություններից հետո, ուղարկեց քաղաքապետարան: Հանդիպումը նորանշանակ քաղաքապետի 1-ին տեղակալ Հրաչյա Սարգսյանի հետ կայացավ, որն ազնվորեն խոստովանեց, որ առայժմ այդ ոլորտից, մեղմ ասած, չի հասկանում և իրեն ժամանակ է պետք՝ առաջարկությանը ծանոթանալու համար: Պայմանավորվեցինք, որ կհանդիպենք 2019-ի հունվարին: Սակայն երկու օր անց նույն փոխքաղաքապետի կողմից էլեկտրոնային փոստով ստանում ենք նամակ, որը մեղմ ասած, բացարձակ անհեթեթություն էր: Փաստորեն այդ մարդուց երկու օր պահանջվեց մեր առաջարկին նման անիմաստ պատասխան տալու համար և փոխարենը հրավիրեր՝ առաջարկը քննարկելու, նամակը եզրափակել էր այն մտքով, որ քաղաքապետարանը իրականացնում է 28 փողոցների լուսավորման ծրագիր:

Դա Տարոն Մարգարյանի նույն ծրագիրն էր դեռ 2015թ-ից, ինչը մնաց թղթի վրա, որովհետև ֆինանսական միջոցներն ու ենթադրվոող աշխատանքների ծավալները անհամատեղելի էին: Հիմա ինչ որ մարդկանց խումբ աշխատում է վերակենդանացնել նույն ծրագիրը և քաղաքապետարանի ղեկավարությունն առանց հասկանալու խնդրի էությունը, հետեւում է այդ խմբի ցուցումներին: Հունվարին ստորագրվեց վերոհիշյալ պայմանագիրը 60% էկոնոմ լուսադիոդային լամպերով 28 փողոցներ լուսավորելու համար (վարկային միջոցների հաշվին), մինչդեռ նոր սերնդի լամպերն ապահովում են 85% էներգիայի տնտեսում: Ինչով է դա պայմանավորված, մնում է մեծ հարցականի տակ:

Հետաքրքիր է իմանալ՝ ով է առաջ քաշում նման ծրագրեր և կազմում վերոհիշյալ անկապ պատասխան նամակները: Ով է շահագրգռված Տարոն Մարգարյանի ժամանակ չիրագործված ծրագրերի իրականացմամբ:

Ինովացիոն Տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն
Էդուարդ Արշակյան
14.05.2019թ.




x