Վեց ամսվա կտրվածքով մենք հանրությանը կներկայացնենք խմբակցության աշխատանքները․ Լիլիթ Մակունց |news.am|

news.am: Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 17-ին, տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության նիստը, որտեղ քննարկել են վերջին ամիսներին իրենց կատարած աշխատանքը:

Հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռեւս երկու ամիս առաջ կատարել էին ռազմավարական պլանավորում խմբակցության համար առաջիկա մեկ տարվա գործողությունների առումով. «Առաջին 100 օրերը հասկանալի է, որ պետական համակարգում ուսումնասիրությունների փուլ է՝ հասկանալու եւ հետագա քայլերը հաշվարկելու:

Կարեւոր էր, սակայն, թե «Իմ քայլը» խմբակցությունը ինչ է հասցրել այս ընթացքում անել: Հաշվետվություն նախ` առաջին հերթին խմբակցության առջեւ, ինչպես նաեւ հետագա աշխատանքներն ավելի օպտիմալ կազմակերպելու, նաեւ ժամանակի առումով հետընթաց չունենալու համար: Վեց ամսվա կտրվածքով մենք, իհարկե, հանրությանը կներկայացնենք խմբակցության աշխատանքները»,- ասել է Մակունցը:

Նրա խոսքով, կան հանրային մեծ սպասելիքներ եւ իրենք ուզում են զգոն լինել ու հասկանալ, թե ինչ է արվում, ինչից ենք հետ ընկնում:

«Մենք կներկայացնենք, թե ինչ ենք արել այս 6 ամսում: Հանձնաժողովների մեծ մասի մասով կան կամ արդեն իսկ ներկայացված ռեֆորմային նախաձեռնություններ, կամ դրանց մեկնարկն է տրվել»,-ասաց Մակունցը:

x