Դատարանը քննում է Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը |news.am|

News.am: Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը դռնփակ նիստում քննում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել Արմեն Թավադյանին՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ: Տվյալ դեպքում, վարույթը իրականացնող մարմինը, որպես զենք օգտագործվող առարկա է գնահատել ջրի շիշը: Բացի այդ, քննիչի կողմից որոշում է կայացվել խափանման միջոց կալանավորումը Արմեն Թավադյանի նկատմամբ կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան:

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը ծանուցում էր ստացել Երեւան քաղաքի քննչական վարչությունից՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին շշով հարվածելու միջադեպի հետ կապված։

x